Էրդողանը պնդում է, որ «Թուրքիան կարող է բացել սահմանները Հայաստանի հետ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «իր երկիրը կարող է բացել սահմանները Հայաստանի հետ, եթե Երևանը տարածաշրջանային խաղաղության ուղղությամբ քայլեր ձեռնարկի»։ Այս հայտարարությունը հնչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում մամուլի ասուլիսին, որտեղ Էրդողանը մասնակցել է զորահանդեսի։ Էրդողանը պնդել է, որ «ոչ մի խնդիր չունեն հայ ժողովրդի հետ»։

Էրդողանի այս հայտարարությունը հետևել է զորահանդեսում ունեցած ելույթին, որում տեղ էին գտել հայատյաց թեզեր։ Էրդողանը, մասնավորապես, ասել էր, որ «տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի, եթե Հայաստանում մարդիկ դասեր քաղեն տեղի ունեցածից»։ Նա հիշատակել էր Նուրի Փաշային և Էնվեր Փաշային՝ մաղթելով, որ «նրանց հոգիներին հանգստություն իջնի»։

«Չարակամություն չունենք Հայաստանի ժողովրդի հանդեպ։ Հարցը Հայաստանի վարչակազմն է։ Իմ երկրում ապրում է ավելի քան 100 հազար հայ»,- ասել է Էրդողանը։

Նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ղարաբաղյան հարցի կարգավորումը 30 տարվա ընթացքում «տապալելու» մեջ։

Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը «Լեռնային Ղարաբաղում զարգացման փուլի սկիզբ կդնի»։

Թուրքիայի ղեկավարը նաև ասել է, որ կարող է ստեղծվել վեց երկրներից բաղկացած տարածաշրջանային հարթակ, որի օգտին է հանդես եկել նաև Ռուսաստանը։ Այդ երկրներն են՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը։

Իր հերթին Ալիևն ասել է, որ Թուրքիայի Բայրաքթար անօդաչու թռչող սարքերը «վճռական դեր են խաղացել Ղարաբաղում իրենց հաղթանակի գործում»։

Ադրբեջանի նախագահը ասել է․ «Եթե Հայաստանի ղեկավարությունը ճիշտ եզրահանգումներ անի պատերազմից և ապագային նայի՝ հրաժարվելով անհիմն պահանջներից, կարող են տեղ ունենալ այս դաշինքում»։

Ալիևի խաղաղասիրական բնույթ ունեցող պնդումները նույնպես հետևել են զորահանդեսի հայտարարություններին, որոնցում նա հավակնություն էր ներկայացրել Հայաստանի հողերի հանդեպ։

Մեկնաբանել