Հայաստան-Ադրբեջան. վիճելի սահմաններ, տարածքային հավակնություններ, սահմանագծում/սահմանազատում

44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով և Հայաստանի փաստացի կապիտուլյացիայով, վերականգնվում են երկու հանրապետությունների միջև խորհրդային շրջանի սահմանները Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Քելբաջար, Սյունիքի մարզի Գորիս/Կապան/Մեղրի-Լաչին/Ղուբաթլու/Ջեբրայիլ հատվածներում:

Հայաստան-Ադրբեջան մյուս հատվածներում, թեև սահմանագծում և սահմանազատում չի արվել, սակայն ընդհանուր առմամբ դրանք լռելյան ընդունվել են: Խոսքը ՀՀ-Նախիջևան, ինչպես նաև Տավուշի մարզ-Ղազախ/Աղստաֆա/Թովուզ, Գեղարքունիքի Ճամբարակ-Գետաբեկ/Դաշքեսան, Վարդենիս-Դաշքեսան հատվածների մասին է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հայտարարեց, որ մոտ առաջիկայում սպասվում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մեկնարկը, որն իրականացվելու է Մոսկվայի մասնակցությամբ: Տիգրան Ավինյանը նշեց, որ բանակցությունների հիմքում դրվելու են ինչպես «1928-29 թթ. քարտեզները», այնպես էլ այլ փաաստաթղթեր:

Մինչ դա տեղի կունենա, ադրբեջանական կողմը գրեթե անարգել հաստատվում է մինչև պատերազմը եղած սահմաններում:

Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճերի սկիզբը՝ 1918թ.

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերն ու միմյանց նկատմամբ տարածքային հավակնությունները սկիզբ են առնում 1918-ից, երբ երկու հարևանները հռչակեցին իրենց անկախությունը:

Նույն տարվա ամռանը անդրկովկասյան երեք հանրապետությունների պատվիրակությունները հրավիրվեցին Պոլիս՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաք, որտեղ պետք է կայանար խորհրդաժողով հենց սահմանների հարցով:

1918-ի մայիս-հոկտեմբեր շրջանում մի կողմից Քառյակ Միությունը, որի մաս էր Օսմանյան կայսրությունը, մյուս կողմից՝ նորանկախ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, դաշնակիցներ էին:

Արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը գրում է, որ երբ ադրբեջանական պատվիրակությունը բացեց Ելիզավետպոլում (այսօր՝ Գյանջա, որը մինչև Բաքու տեղափոխվելը Ադրբեջանի մայրաքաղաքն էր 1918-ի հունիս-սեպտեմբեր հատվածում) գծված քարտեզը, պարզվեց, որ հայկական գավառների մեծ մասը պետք է Ադրբեջանի մաս կազմեր: Նույն կերպ, երբ հայկական պատվիրակությունը սեղանին բացում է Թիֆլիսում (Հայաստանի կառավարությունը դեռ չէր ժամանանել Երևան) գծած քարտեզը, ադրբեջանցիները տեսնում են, որ հայերը հավակնում են Ելիզավետպոլի նահանգի մեծ մասին:

Պոլսում խորհրդաժողովը սահմանային որևէ հարց չլուծեց, իսկ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա հռչակված Հայաստանը ընդարձակվեց 1918-ի աշնանը այն բանից հետո, երբ Օսմանյան կայսրությունը իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում և զորքերը դուրս բերեց նաև հայկական գավառներից:

1919-ի գարնանն ու ամռանը բրիտանացիների զինական և անմիջական օգնությամբ Հայաստանին միացվեցին Կարսն ու Նախիջևանը: Հայաստանը Կարսը կարողացավ պահել մինչև 1920-ի հոկտեմբեր, իսկ Նախիջևանը՝ ընդամենը երկու ամիս:

1919-ին Փարիզի խաղաղության խորհրդաժողովում Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրին քարտեզներ, որտեղ միմյանց հանդեպ տարածքային պահանջներն ու հավակնությունները պահպանվել էին: Ինչպես Պոլսում, այնպես էլ Փարիզում Վրաստանը տարածքային հավակնություններ էր ներկայացրել և՛ Ադրբեջնին, և՛ Հայաստանին: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանն էին ներկայացրել Վրաստանին:

Ադրբեջանի ներկայացրած քարտեզում (տե՛ս քարտեզը) Ադրբեջանը հավակնում էր Զանգեզուրին, Նախիջևանին, Կարսին, Տավուշին, Սևանի արևելյան ափին և այլ տարածքների: Հայաստանի տարածքային հավակնությունները ևս անզուսպ էին ինչպես 1919-ին, այնպես էլ 1920-ին, և չէին համապատասխանում այն ներուժին, որ իրականում ներկայացնում էր Հայաստանը:

Ինչպես 1918-1920-ին, այնպես էլ հետագայում, հայերն ու ադրբեջանցիները չցանկացան միմյանց հետ նստել առանց երրորդ կողմի և որոշել երկու հանրապետությունների սահմանները: Սկզբում միջնորդը Օսմանյան կայսրությունն էր, հետագայում՝ Եվրոպան ու Ամերիկան:

Մոսկվան՝ միջնորդ 1920-30-ական թթ. և այսօր

1920-ին և հետագայում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը արդեն խորհրդայնացվել էին ու մաս կազմել Խորհրդային Միությանը, սահմանների հարցը լուծեց Մոսկվան: Հենց Մոսկվայի մասնակցությամբ էին նաև տեղի ունենում երկու հանրապետությունների միջև հողային փոխանակումները, որոնք բազմաթիվ էին և որոնց արդյունքում Խորհրդային Հայաստանի տարածքը 30 948 քառակուսի կիլոմետրից դարձել էր 29 743, այսինքն՝ շուրջ 1,2 հազար քառակուսի կիլոմետրով նվազել է։

Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև տարածքային փոխանակումներ խորհրդային տարիներին եղել են բազմիցս, հատկապես 1922-1936 թվականներին, երբ հարևան երեք հանրապետությունները Անդրֆեդերացիա միասնական անվան տակ՝ Թիֆլիս մայրաքաղաքով, մաս էին կազմում ԽՍՀՄ-ին:

Ներկայացնենք մի քանի փոխանակումներ:

Մեղրիի շրջանի թաթաբնակ (հետագայում ադրբեջանական դարձած) Նյուվադի, այսօր՝ Նռնաձոր գյուղը միայն 1928 թվականին է միացվել Խորհրդային Հայաստանին, իսկ մինչ այդ եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Նախիջևանի մի քանի սահմանային հայկական գյուղեր միացվել են Վայքի՝ նախկինում Ազիզբեկովի շրջանին։

Արծվաշենը 1927-ին անկլավ չէր Ադրբեջանի ներսում, այլ պատկանում էր նրա Գետաբեկի շրջանին, իսկ Վարդենիսի և Ջերմուկի միջև գտնվող Ալ լճերը Հայաստանի կազմում էին, այլ ոչ Քելբաջարի։

1927-ին հրատարակված քարտեզում, որը պահվում է Մոսկվայի Ռուսական պետական գրադարանում, հստակ նկատելի է, որ հայ-ադրբեջանական հողային փախանակումների վերջնարդյունքում Հայաստանը կորցրել է ավելին, քան շահել:

Ամենաակնառու կորուստը Լաչինի շրջանում է։ Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանի կազմում 1923-ին ձևավորված ԼՂԻՄ-ը ունեցել են ընդհանուր սահման, սակայն տարիների ընթացքում այն վերացել է։ 1992-ի մայիսի կեսերին, երբ բացվեց Լաչինի մարդասիրական միջանցքը, Հայաստանի և Արցախի միջև ցամաքային հեռավորությունը հասել էր 7 կիլոմետրի։

1935-ին տպագրված քարտեզում Հայաստանի տարածքը նվազել և կազմել է 29,8 հազար քառակուսի կիլոմետր։ 1927-1935թթ․ ընկած յոթ-ութ տարիներին Հայաստանում հայտնվել են ադրբեջանական անկլավները՝ Քյարքին (1932-ին անվանվում էր Ջաֆարլու), այսօր՝ Տիգրանաշեն, ինչպես նաև Բաղանիս Այրում, Աշաղը Աքսիպարա, Յուխարը Աքսիպարա, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Կըզըլ Հաջիլի գյուղերը Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում։

1932-ին Երևանում հրատարակված քարտեզում, Խորհրդային Հայաստանում չկան ադրբեջանական անկլավներ՝ կղզյակներ, իսկ Արծվաշեն գյուղը Բաշքյոյ/Բաշքենդ անունով, որ անկլավ էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, ուղղակի պատկանում էր Խորհրդային Ադրբեջանի Գետաբեկի շրջանին:

Բաշքյոյ/Բաշքենդը, որը հետագայում դարձավ Արծվաշեն և մաս կազմեց Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսկի շրջանի՝ մնալով անկլավ, ադրբեջանական զինուժը գրավեց 1992 թվականի օգոստոսին:

1932 թվականի քարտեզը ուշագրավ է նաև նրանով, որ այսօր Վրաստանի Քվեմո Քարթլիի երկրամասի հայկական և հայաբնակ Բրդաձոր, Չանախչի և Աղքյորփի գյուղերը պատկանում են Խորհրդային Հայաստանի Ալավերդու շրջանին: Այսօր այդ գյուղերը գտնվում են հայ-վրացական հենց սահմանագլխին՝ Վրաստանի կազմում:

Քարտեզները սուրբ գրքեր չեն: Դրանք նույնպես, ինչպես պատմությունը, սիրում են կեղծվել և փոփոխվել՝ պայմանավորված նաև նրանով, թե որ քաղաքում և հանրապետությունում են գծվել և հրատարակվել: