Խուճապ Ստեփանակերտ-Վարդենիս ճանապարհին. պատերազմի օրագրից՝ մաս 8-րդ

Նոյեմբերի 5-ին՝ չորեքշաբթի օրը, վերադարձել էի Երևան: Նախօրեին հայկական իշխանությունները, ավելի ճիշտ՝ «Հաղթելու ենք», «Գյոռբագյոռ ենք անելու» պարզունակ քարոզչություն իրականացնողները, հաղորդել էին, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես փակ է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: Մի քանի օր անց Ստեփանակերտում իմացա, որ ոչ թե մերոնք են ճանապարհը փակել, այլ ադրբեջանցիներն են Լիսագորի մոտ դուրս եկել և վերահսկողության տակ առել այն: 

Գորիսից վերադարձա Երևան, իսկ նոյեմբերի 7-ի առավոտյան Երևանից ֆրանսիական «Ֆիգարո» թերթի թղթակից Ռեժիս Ժանտեի հետ իմ Ջիփով ուղևորվեցի դեպի Վարդենիս: Պատերազմի ընթացքում արտասահմանցի բազմաթիվ լրագրողների հետ ծանոթացա, որոնցից երկուսի՝ Ժանտեի ու «Նյու Յորք Թայսմի» մոսկովյան թղթակից Անտոն Տրայանովսկու հետ ընկերացա: Անտոնը սկսել էր բավականին հասկանալ արցախյան հակամարտությունը, գրեթե ամեն օր ինձ զանգում և հարցեր էր տալիս, իսկ Ռեժիսը, որ 15 տարուց ավելի ապրում և աշխատում է Թբիլիսիում, փայլուն գիտի Կովկասը, հակամարտությունները, հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին, գիտի մանրամասնորեն:

Շատ հաճելի էր միասին ճամփորդելը, անգամ՝ մի քանի հարյուր կիլոմետրը, որովհետև միմյանցից շատ բան էինք սովորում, ստանում և փոխանցում տեղեկատվություն, որ Երևանում նստած անհնար կլիներ իմանալ: Ռեժիսը իր խմբագրությունից ուներ հրահանգ՝ այդ օրերին չգնալ Արցախ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նա եկավ մինչև Սոթք, իսկ ես ճանապարհը շարունակեցի դեպի Քարվաճառ:

Վարդենիս-Մարտակերտ հիմնական ճանապարհը փակ էր պատերազմի առաջին օրերից, քանի որ ադրբեջանական հրետանու վտանգը կար: Հակառակորդը հրթիռով հարվածել էր Գետավանի կամրջին՝ Թարթառ գետի վրա, սակայն այն կիսով չափ էր քանդվել և երթևեկելի էր: Վարդենիսից Մարտակերտ և Արցախի հյուսիս մեկնելու համար օգտվում էինք շրջանցիկ ճանապարհից, որն սկսվում էր Սոթքից, անցնում Ազատ գյուղով և հասնում Քարվաճառ քաղաք, ապա Թարթառի ափով շարունակվում դեպի Դադիվանք և Չարեքտար:

Քարվաճառ չհասած Արցախի իշխանությունները դրել էին նոր հսկիչ կետ, ավելի ճիշտ՝ Նոր Կարաչինար-Խարխափուտ հատվածում գտնվող հսկիչ կետը տեղափոխել էին այստեղ: Ինձ կանգնեցրեց Մասիս անունով 40-ն անց տղամարդը և խնդրեց, որ հետս գա մինչև Ստեփանակերտ: Ներկայացավ և ասաց, որ Արցախի Քննչականի աշխատողներից է: 

Պատերազմի ողջ ընթացքում ես խուսափում էի մարդ վերցնել, հատկապես, երբ Շուշիից վերադառնում էի Գորիս գիշերելու, քանի որ հենց առաջին օրերից շատ էին պատերազմից խույս տվողներն ու Հայաստան մեկնողները: Երկու անգամ մարդ եմ վերցրել, երկու անգամ էլ զգուշացրել, որ Տեղ գյուղի մոտ ոստիկանները ստուգում են․ չե՛ք կարող Հայաստան գնալ: Երկու անգամ էլ ասել են, որ իրավունք ունեն հեռանալ Արցախից, որևէ խնդիր չի լինի: Ոստիկանների մեծ մասը ճանաչում էր և՛ իմ մեքենան, և՛ անձամբ ինձ: Լինում էին դեպքեր, երբ չէին ստուգում իմ և գործընկերներիս փաստաթղթերը, ոչ էլ՝ բեռնախցիկը: Տեղ գյուղում, երբ կանգնեցնում էին և հարցնում՝ մեքենայի մեջ բոլո՞րդ եք լրագրող, ասում էի, որ այս երիտասարդին ճանապարհից ենք վերցրել: Ստուգում էին, իջեցնում մեքենայից, քանի որ պարզվում էր, որ հարյուրավոր փախուստ տվողներից մեկն է: 

Պատերազմի օրերին Արցախի նախագահն ու Ազգային ժողովի խոսնակը աշխատանքից ազատեցին տասնյակ պետական պաշտոնյաների, այդ թվում՝ բարձրաստիճան, որոնք հեռացել էին Երևան: Ամոթանք տալուց զատ, հրապարակվեցին նրանց անունները: Պետական պաշտոնյաներից բացի, հարյուրավոր մարդիկ, որոնք կարող էին օգտակար լինել Արցախին՝ լինի առաջնագիծը, թե թիկունքը, անարգել հեռացել էին Երևան:

Մասիսի հետ Քարվաճառից զրուցելով մեկնում ենք դեպի Ստեփանակերտ: Երբ հասանք Դրմբոն, նկատեցի, որ դիմացից անսովոր շատ մեքենաներ են գալիս: Մի քիչ զարմանալի թվաց ակնհայտ մեծ շարժը: Այդ ընթացքում երկու հեռախոսազանգ ստացա: Ինձ ասացին, որ շատ վտանգավոր է Ստեփանակերտ գնալը և խորհուրդ տվեցին վերադառնալ Վարդենիս: Ապա ստացա երրորդ հեռախոսազանգը և իմացա, որ ադրբեջանցիները գրավել են Շուշին: Նոյեմբերի 7-ն է: Ինձ ասում են, որ դեռ մեկ օր առաջ են ադրբեջանցիները մտել բերդաքաղաք և վերահսկողություն հաստատել մեծ մասի վրա: 

Անդադար զանգեր է ստանում նաև Մասիսը: Նույն տեղեկատվությունը՝ Շուշին մերը չէ այլևս, քաղաքի որոշ հատվածներում և մատույցներում մարտեր են, բայց անհուսալի վիճակ է: Այս ընթացքում հանդիպակաց երթևեկող մեքենաները ավելի ու ավելի են շատանում: 

– Մարդիկ ոնց որ փախչում են, Մասի՛ս: Ես երբեք այսքան մենքենա չեմ տեսել այս ճանապարհին,- ասում եմ նրան:

Չլդրանի մոտ Մասիսը ձեռքով ցույց է տալիս մեր դիմացով անցնող մեքենաները:

– Այս մեկը բարձրաստիճան հոգևորականի մեքենան է, այս մեկը՝ այսինչինն է: Սա վերջն է, Թաթո՛ւլ,- հուսահատ ասում է նա: 

Հիմա երկուսս էլ գիտենք, որ Շուշին ընկել է, տեսնում ենք, որ մեր դիմացից անցնում են հարյուրավոր մեքենաներ, և ակնհայտորեն խուճապ է: 

Չհասած Վանք գյուղի խաչմերուկ՝ արդեն տեղեկություն ունեինք, որ Արցախի իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, Ստեփանակերտը տարհանելու հրաման են տվել: Ադրբեջանցիները Շուշին գրավելուց հետո պետք է պատրաստվեին իջնել դեպի Ստեփանակերտ: Շուշիից մինչև Ստեփանակերտ ուղիղ գծով 6-7 կիլոմետր է: 

Մասիսը իջավ Վանքի խաչմերուկում, քանի որ այդպիսի հրահանգ ստացավ իր վերադասից: Ես էլ տեղեկացա, որ Գանձասարի կողմեր են տեղափոխվում Արցախի նախարարությունները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, մամուլի կենտրոնը, Արցախի հանրային հեռուստատեսությունը: 

Վանքի խաչմերուկից ճանապարհը դեպի Ստեփանակերտ դարձավ անանցանելի: Ուղղակի խուճապային փախուստ էր դա: Բացի ստեփանակերտցիներից, դուրս էին գալիս նաև հարակից համայքների բնակիչները: Խուճապը սարսափելի է, հատկապես, երբ ընկնում ես հոսքի մեջ: Իմ մեքենան գնում էր հոսքին հակառակ, ավելի ճիշտ՝ փորձում էր գնալ, քանի որ մի քանի շարքով դիմացից գալիս էին մեքենաներ՝ մի մասը բարձած առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Եվս մի քանի տասնյակ կիլոմետր, և արդեն անհնար է առաջ գնալ: Հանդիպակաց գծով եկող մեքենաները զբաղեցրել են ամբողջ ճանապարհը: Ասկերանի խաչմերուկից հետ դարձա, միացա խուճապի մեջ շարժվող հարյուրավոր ավտոմեքենաների հոսքին: Ոչ լուսանկարում էի, ոչ պատասխանում հեռախոսազանգերին: Այդ պահին ամբողջությամբ զգում էի փախուստ և խուճապ կոչվածը: 

Ասկերանից մինչև Վարդենիս հետդարձը տևեց ժամեր: Քարվաճառում՝ այնտեղ, որտեղ գրված է՝ «Քարվաճառը հայոց միջնաբերդն է», կանգնեցի ճամփեզրին: Դուրս եկա, մի քանի լուսանկար արեցի, ձեռքի հեռախոսով ինձ նկարահանեցի և պատմեցի պատերազմի առաջին օրերի փախուստի մասին: Այդ տեսագրությունը Ֆեյսբուքում դրեցի օրեր անց, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր կապիտուլյացիոն թղթի տակ:

Արդեն ամբողջովին մթնել էր, երբ Քարվաճառից ոլորաններով բարձարանում էի դեպի Ազատ, որը Վարդենիսի առաջին գյուղն է: Ձնախառն անձրև էր մաղում, մի քիչ մառախուղ էր, իսկ հողե ճանապարհը՝ լպրծուն: Մի քանի ոլորաններ բարձրանալուց հետո կրկին կանգ առա ճամփեզրին և իջա մեքենայից: Ամբողջ ճանապարհը լույսերով մեքենաներ են: Սիրտ չկա լուսանկար անելու: Ի՞նչը լուսանկարեմ: Թե ինչպե՞ս են մարդիկ խուճապահար փախչում: 10-15 րոպե մթին, ձյունախառն անձրևի տակ կանգնել ու նայում եմ խուճապային փախուստին: Ո՞վ է տվել այս հրամանը: Ինչո՞ւ պետք է մարդիկ փախուստի դիմեն, երբ 30-հազարանոց զորքը կանգնած է Արցախում: Ինչո՞ւ ենք մենակ թողնում 18 տարեկան հայ զինվորին, որի մայրը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Տաշիրում սրտատրոփ լուրերի է սպասում: Այդ 10-15 րոպեի ընթացքում ի՜նչ ասես մտքով եկավ ու անցավ: Ձեռքս չգնաց գոնե մեկ լուսանկար անելու: Ի՞նչը նկարեմ: Որ նկարեմ՝ պիտի անմիջապես ֆեյսբուք դնեմ, որից հետո ինձ մեղադրելու են խուճապ ու պարտվողական տրամադրություններ տարածելու, դավաճանության մեջ: Նրանք, որոնք պատասխանատու են խուճապի ու պարտության մեջ: Մարդիկ երբեմն չեն ուզում իմանալ և լսել ճշմարտությունը: 

Կեսգիշերն անց հասա Վարդենիս: Ի՞նչ անեմ: Գրե՞մ, որ Շուշին ընկել է: Գրե՞մ, որ Արայիկ Հարությունյանի հրամանով Ստեփանակերտը դատարկվել է: Գրե՞մ խուճապային փախուստի մասին: Ես լրագրո՞ղ եմ, թե՞ ոչ: Որպես լրագրող պե՞տք է պարտվեմ և ծնկի գամ պաշտոնական ստի ու սուտ տարածող պաշտոնյաների առաջ: 

Դեռ շարունակում եմ չպատասխանել իմ հարյուրավոր ընկերների զանգերին, քանի որ չեմ կարող նրանց չպատմել ճշմարտությունը: Ի վերջո, որոշեցի ֆեյսբուքի իմ էջում դնել այս գրառումը, որը մինչև հիմա կա. «Երեկ՝ նոյեմբերի 7-ին, շաբաթ օրը եղել եմ Ասկերան-Վանք-Դրմբոն-Քարվաճառ հատվածում: Գիշերը վերադարձել եմ Վարդենիս և այս տողերը գրելուց հետո կրկին վերադառնում եմ Արցախ և այս կիրակին անց եմ կացնելու այնտեղ: Իմ ընթերցողներից և ֆեյսբուքում հետևողներից ներողություն եմ հայցում, որ երեկ չեմ պատասխանել հեռախոսազանգերին և սոցիալական ցանցերով ինձ ուղղված գրառումներին: Նույնը անելու եմ նաև այսօր»:

Շատ պարզ ու հստակ ակնարկեցի, որ պետք է լռեմ: Կամ պետք է պատմեմ ճշմարտությունը և արժանանամ իշխանությունների, ֆեյսբուքահայության քննադատությանն ու դավաճան պիտակին, ինչպես եղավ մի քանի անգամ պատերազմի օրերին, երբ ներկայացնում էի իրական պատկերը ռազմի դաշտում, կամ պետք է լռեմ: 

Այսպես լուռ, որպես լրագրող՝ ծնկի եկած պաշտոնական ստի առաջ, կոտրված ու հուսահատ, նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան Վարդենիսից շարժվում եմ դեպի Քարվաճառ: