Ռուսաստանը կոչ է արել պահպանել հրադադարը Լեռնային Ղարաբաղում

Մոսկվան պահանջել է ղարաբաղյան հակամարտության կողմերից լիարժեք պահպանել հրադադարի ռեժիմը․ այս մասին հայտնել է ռուսաստանյան խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը։

«Հադրութի շրջանում գրանցվել է հրաձգություն։ Կապի ուղիղ խողովակներով կողմերին հասցվել է հրադադարի լիարժեք պահպանման վերաբերյալ պահանջը»,- ասել է նա։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը։

Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է «սադրիչ գործողությունների» մեջ և ասել, որ «դիմել է համարժեք գործողությունների»։

Նոյեմբերի վերջին ՍիվիլՆեթի թիմը Խծաբերդ գյուղում էր, որտեղ զրուցել էր Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանի հետ, որը իր խմբի հետ պաշտպանել է գյուղը։