ՀԲԸՄ-ն կոչ է անում վարչապետին հեռանալ՝ հնարավոր դարձնելով ժամանակավոր կառավարության ձևավորումը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում անցումային կառավարություն կազմելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նշելով, որ նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք «ահռելի կորուստների դառնության միջով, միությունը փաստում է, որ «մենք պարտված ազգ չենք»։

«Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։

Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը և ամրությունն այս ճգնաժամային ժամանակներում։ Վիթխարի կարևորություն ունի մեր ժողովրդի միասնականության ապահովումը։ Մենք չենք կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք հավատացած ենք, որ ներկա և նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրև անցումային կառավարություն։ Այն պետք է բաղկացած լինի իրենց փորձագիտությամբ և ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից և Սփյուռքից բարձր որակավորում և հարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը։

Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայորդու դրսևորել բարի կամք և բարձր գիտակցություն և զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձևավորումը։ Մեր ցանկությունն է, որ ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը` մինչև արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողությունների սթափ ըմբռնում և գնահատական, պարտավոր է աշխատել անաչառության ոգով և երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։

Ինչպես բոլոր ժողովրդավարություններում` սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինավորությունը և սահմանադրական ընթացակարգերը և ապահովելով ժողովրդավարության ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։ Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաև Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել