Շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ քննելու Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակը․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից զինադադարի խախտմանն ու Հադրութի շրջանի 2 գյուղի ուղղությամբ հարձակման փորձին։

«ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։

Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։

Միաժամանակ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։

Բարձր գնահատելով ՌԴ նախագահի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված զինադադարը և դրա պահպանումը՝ Հանրապետության նախագահը հիշեցնում է նաև, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»: