ՌԴ ԱԻՆ-ը Արցախ կուղարկի մոտ 1200 տոննա հումանիտար օգնություն

Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը երկաթուղային ճանապարհով Արցախ կուղարկի մոտ 1200 տոննա հումանիտար օգնություն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն։ Ուղարկումը կիրականացվի Ռուսաստանի ութ քաղաքներից։ Բեռի կազմում առկա են շինանյութեր, էլեկտրակայաններ, հրշեջ ավտոցիստեռներ և կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ մոտ 1200 տոննա»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ օգնությունն ուղարկվում է նաև Մոսկվայից, Տիխորեցկից, Ուլյանովսկից, Իվանովոյից և Ուֆայից։ Հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներն անցել են պլանային փուլ, որի համար գործի է դրվել նաև երկաթուղային տրանսպորտը։ Հումանիտար օգնության առաքումն իրականացվում է Ռուսաստանի նախագահի և կառավարության համապատասխան հանձնարարականների հիման վրա։