Ձախողված օպերացիաներ, զենքի պակաս, հրամանների մերժում. Սամվել Բաբայանի բացահայտումները 44-օրյա պատերազմից

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար (2020), ՊԲ նախկին հրամանատար (1993-99) Սամվել Բաբայանը «Մերոնք» կայքին ծավալուն հարցազրույց է տվել` խոսելով 44-օրյա պատերազմի ընթացքի, ձախողված օպերացիաների ու բացթողումների մասին։ Բաբայանն առաջարկում է քրեական գործեր հարուցել պատերազմի ընթացքի վերաբերյալ ու քննություն սկսել։ Սիվիլնեթը հարցազրույցից առանձնացրել է որոշ դրվագներ։

Մինչպատերազմական իրավիճակի մասին

Անվտանգության խորհրդով փորձում էինք պարզել՝ հակառակորդն ունի այն, ինչ ես գիտեմ, թե ավելին ունի։ Փորձել ենք այդ հարցով զբաղվել, նամակ ենք հղել Պաշտպանության բանակին։ Պաշտպանության բանակն ասել է, որ պիտի դիմենք Հայաստանի պաշտպանության նախարարին։ Ես զանգել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին [Դավիթ Տոնոյան], նա խուսափողական պատասխան է տվել՝ «դա գաղտնիք է, բան»։

Մենք ուզում էինք ճշտել զենքի, զորամասերի մասին, հասկացրին, թե այդ տվյալները չենք կարող ձեզ տրամադրել։ Երկրորդ՝ մենք չէինք կարող գնալ դիրքեր։ ԱԽ-ն խորհրդակցական մարմին է, բայց չունենալով հակառակորդի մասին տվյալները պիտի ծրագիր մշակեինք։ Դավիթ Տոնոյանն ասում էր, որ ինքը պիտի գա Ղարաբաղ, երբ գա կխոսենք այդ մասին։ Հետո պարզվել է, որ եկել է ու ինչպես եկել, այնպես էլ գնացել է։ Հասկացել եմ, որ փորձում են ամեն ձևով խանգարել։

Պահեստազորի մասին

Ղարաբաղը պիտի հավաքեր 17 500 պահեստազորային ռեսուրս, առաջին փուլում՝ 7 500 – 8 000: Առաջին փուլը 90 տոկոսով կատարվել է։ Դրանից հետո չի կատարվել, որովհետև պետությունը պետք է անմիջապես պատերազմական ռելսերի վրա դրվեր, որը չի կատարվել, ու երկրորդ՝ եղել է ազատ տեղաշարժ՝ դուրս գալ-մտնել, ով ինչ ուզում է։ Ես Հայաստանի վարչապետին եմ ասել այդ մասին, Արցախի նախագահին։ Հայաստանը, որ պիտի տար 11 000 պահեստազորային ռեսուրս, տվել է 6 – 7 000, որի մեծ մասն էլի առաջադրանք չի կարողացել կատարել։

Երբ զորքը տեսնում է, որ հակառակորդի ԱԹՍ-ներին ու հրետանուն չենք կարողանում ճնշել, իրենց մեջ վախ է մտնում։ Զորամասի հրամանատարերն էլ չեն կարողանում խնդիր կատարել, որովհետև նրանց ունակությունները 4 000 մարդ ղեկավարելը չէ, նրանց ունակությունը 2 000 մարդ ղեկավարելն է։

[Արցախի ՊԲ հրամանատար] Ջալալ Հարությունյանը պարտադրված էր 19 տարեկան երեխայի լեյտենանտ տալ, վաշտում հրամանատար նշանակել։ Սպան փախչում է, չի կատարում կամ տեղում չէ որակապես։ Սա խոսում է տասը տարվա կադրային քաղաքականության մասին։ Ջալալ Հարությունյանը կարող է հաստատել։ Սպայակազմը ստերով էր կերակրում, հիմա գեներալներ են արտահայտվում, թե «ես մեղավոր չեմ, մյուսն է մեղավոր»։ Վերջին տասը տարում ով եղել է շտաբի պետ, հրամանատար, բոլորը պատասխանատու են։

Զինկոմիսարիատները Ջաբրայիլ պահեստազոր ուղարկելիս չէի՞ն հասկանում, որ էդ ռեսուրսի մեջ Ջաբրայիլ ծառայածները պիտի շատ լինեին, պետք էր ճիշտ կազմակերպել։ Թող անկեղծ քննություն անեն, մեր հասարակությունը պարզ հասկանա՝ ինչ է եղել։

Պատերազմի մեկնարկը

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը 15 րոպեում կորցրել է իր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու 40 տոկոսը։ Հակառակորդն ուներ արբանյակներ, որ նայում էր, նկարահանող ԱԹՍ-ներ։ Դա եղել է 15-20 րոպեում։ Հայկական կողմը եթե կորցնում է հրետանու 40 տոկոսը, դա մեծ աղետ է, հակաօդայինինն էլ՝ 50 տոկոսը։

2016-ին, երբ բացատրում էի, որ հակառակորդի հրթիռներն ու հրետանին կարկուտի պես թափվելու է երեխաների գլխին․․․ դա սկսվել է գլխավոր երկու ուղղություններով՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս։ Չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքում է հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսում ծավալվել, զարգացնում է գրոհները։ Հիմա, որ գեներալներն իրար են մեղադրում, քաղաքականացնում են, դա ինձ համար ծանոթ է 1992-ից, երբ պարտվում են՝ բոլորը մեղավոր են, դավաճան են։

Հարավային գծի ձախողման մասին

Հարավում հակառակորդը 9-11 կիլոմետր ճեղքելուց հետո ընդհանուր ռազմաճակատի գիծը 270 կիլոմետրից դարձրեց 470 կիլոմետր։ Մենք էլ չունեինք ռեսուրսները, որ բերանը փակեինք։ Ես հարավում առաջարկում եմ ստեղծել հրամանատարական կետ ու առաջարկում, որ Մոսին [Մովսես Հակոբյանը, ՊԲ հրամանատար – 2007-15; ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ – 2016-18; 2019-20 ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ] գնա էդ ուղղությամբ։ Հետագայում ինքն ասաց, որ անձնական խնդիրներից ելնելով՝ չի արել դա։ Էդ մարդը եղել է շտաբի պետ, առաջին, երկրորդ, հինգերորդ կորպուսին, զորամասերի սպայակազմին ինքն է ճանաչում, ես չեմ ճանաչում։ Երկու տարի առաջ ինքն է եղել։ Գեներալ-գնդապետն ասում է՝ ես անձնական հին խնդիր ունեմ, չեմ գնում։ Հիմա հասկանանք ինչո՞ւ չի գնում՝ իր զորքը, իր նշանակած մարդիկ, հնարավորությունները, ունակությունները գիտի։ Մարդը էդ կոչումի տակ հրաժարվում է այդ հրամանը կատարելուց։

Հիմա ես հարց եմ տալիս՝ եթե ՊԲ ութ տարվա հրամանատարը, չորս տարվա շտաբի պետը հրաժարվում է կատարել իրենից կախված խնդիրը, ապա կրտսեր սպայից, գնդի հրամանատարից ի՞նչ եք պահանջում։ Նրանք էլ են հրաժարվել, այս իրավիճակը ստեղծվել է այս հրաժարվելուց։ Ու այդ մարդուն ոչ մի պատիժ չկա՝ «չեմ ուզել ու վերջ»։ Գեներալ մարդ, պատմում է՝ «Իսկանդեր»-ով այստեղ խփեցին,այնտեղ խփեցին կամ մեկը եկավ շտաբ, ես սա ասեցի և այլն։

Սամվել Բաբայանի առաջարկը

Երբ հակառակորդը ճեղքում է ու հասնում Ջաբրայիլ, ծավալվում դեպի Խուդաֆերին, առաջարկել եմ Քյանթ-Հորադիզի մերձակայքում եղած ճանապարհը փակել ու կտրել հակառակորդին։ Անձամբ Ջալալ Հարությունյանին եմ առաջարկում, ու Ջալալը անձամբ դրան մասնակցում է, երկու բրիգադ է կազմվում։ Փակելով այդ ճանապարհը՝ այսօրվա իրավիճակը չէինք ստանա, նրանց մատակարարումը փակում էինք։ Օպերացիան անելուց երկու տանկային բրիգադ մտնում էր ու, իրար թիկունք պահելով, շարժվում առաջ։

Երբ մերոնք գնում են, ադրբեջանցիները դրոշներով կանգնած մեր տանկերին դիմավորում են՝ չհասկանալով, որ դա մեր տանկերն են։ Ադրբեջանը այդտեղ 150 զոհ է տալիս, կոտորվում։ Բայց երկրորդ բրիգադը չի փորձում էլ առաջ շարժվել, ամրանալ․ հրամանատարը ոտքից վիրավորվում է, տեղակալը հրաման չի կատարում և այլն։ Ես չէի կարող օպերացիա մշակել, ես կարող եմ գաղափարը տալ։

Քննությունը պիտի պարզի՝ երկու բրիգադը ինչու չեն կարողացել իրենց խնդիրը կատարել ու ովքեր են մեղավորները։ Դու մտնում ես մարտի՝ հրետանին ապահոված, ամեն ինչ նորմալ, բայց հրամանը չես կատարում։ Եթե լիներ այդ օպերացիան, չէինք ունենա 2 000 զոհ, չէինք կորցնի այդ տարածքները։ Ջալալ Հարությունյանը կոնկրետ քարտեզի վրա իրենց բացատրում էր՝ փոխում եք պատերազմի իրավիճակը, թե մնում ենք այս վիճակին։ Թող կոնկրետ մեր հասարակությունը իմանա ինչու դա չի եղել․․․ ասում եմ ՊԲ հրամանատարի խոսքերը՝ երեք ժամ հակառակորդը չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Պիտի գնայինք, նստեինք, ամրանայինք։ Ինչո՞ւ չեղավ։

Շուշիի անկումը

Սղնախ գյուղում [ադրբեջանցիները] ստեղծել էին բազա ու ձգվում էին դեպի Շուշի։ Կար երեք գումարտակ՝ երեքը Հայաստանից, մեկը Ղարաբաղից։ Առաջաձորի գումարտակը պիտի Ավետարանոցով մտներ ու բարձունք վերցներ, հակառակորդին ճանապարհից կտրեր ու Սղնախը երկու կողմից շրջապատեր՝ հակառակորդին ստիպելով Շուշիից հետ գնալ։

Շոշ գյուղում հրամանատարներին բացատրվում է օպերացիան, որ Շուշիի խնդիրը կլուծվի։ Նոյեմբերի 5-ի գիշերը ժամը 2-ին ինձ ասում են, որ Առաջաձորի գումարտակը հրաժարվում է, հետո Հայաստանի երկու գումարտակներն են հրաժարվում կատարել դա։ Հետո պարզվում է, որ երբ մենք էդ հանդիպումն էինք ունենում, Մարտակերտի շրջանի ղեկավարն է գնում հանդիպման այդ տղաների հետ․ թող քննությունը պարզի՝ ինչ են խոսել, ինչու է նման վիճակ ստեղծվել։

Ես զարմանում էի Ջալալ Հարությունյանի համբերության վրա։ Հիմա ասում են Փաշինյանը կանգնեցներ… ուղիղ ասում էին՝ դրա դիմաց Շուշին պիտի տաք։ Համաձա՞յն եք՝ «չէ»։ Դե եթե չէ, ուրեմն կռվում ենք։ Այսօր ներկայացնում են ուրիշ ձևով։ Ինչքանով ես եմ հասկանում, Շուշին վերցնելուց հետո պիտի կանգներ։

Զենքի պակասի մասին․ «Հայաստանն ինչ ուներ, չուներ, տվել է»

Մենք հակաօդային ուժ չենք ունեցել, վեց հատ ՏՈՌ ենք ունեցել, որից չորսը խփվել է։ ամսի 2-ին ևս 4 հատ տվել են, որը կարող է պահել 40-45 կիլոմետր տարածք, ոչ ավել։ Բայց ես ասացի՝ գիծը դարձել էր 470 կիլոմետր։ Հակաօդային ուժերը զրո էին։ Հիմա ասում են՝ զենք կար, Հայաստանը չի տվել։

Ես ասում եմ՝ Հայաստանն ինչ ուներ, չուներ, տվել է։ Այն բոլոր հեքիաթները, որ մենք զենք ունեցել ենք, ճիշտ չէ։ Չենք ունեցել։ Հասկանալի պատճառներով Ռուսաստանը պարտավոր էլ չէր մեզ զենք տալ, մենք պիտի դրանք ժամանակին գնեինք։ Ոչ մեկը պարտավոր չէր, պիտի ունենայինք։ Եթե զենք չունենք, մեր ժողովրդին մսաղացի տակ մտցնենք, որ ի՞նչ անենք։

ՍիվիլՆեթ

Մեկնաբանել