Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն․ Հայկ Խանումյան

Արցախցի քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որ նախօրեին հանդիպում է ունեցել ռուսական խաղաղապահների հրամանատարության հետ։

«Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։ Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։ Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահամանափակ անձնակազմ և չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը։ Վերջինը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են։ Հետևաբար ուժեղացնենք Արցախի Հանրապետությունը, նրա պետական ինստիտուտների ներուժը՝ այս կարևոր խնդիրը կատարելու համար։ Եթե այդ գործին չեք մասնակցում, ապա գոնե մի՛ աջակցեք թշնամուն։ Ստոր ապատեղեկատվությունն ու անիմաստ ինտրիգները անվերապահ աջակցում են թշնամու զավթողական գործողություններին, որոնք շարունակվել են նաև երեկ ամբողջ օրվա ընթացքում»,- գրել է Խանումյանը։

Հանգստյան օրերին Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի զինադադարը, հարձակում էր գործել և Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը վերցրել իր վերահսկողության տակ։ Ադրբեջանական ուժերը կիրակի գործողությունները շարունակել էին Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: 

Հին Թաղերը և Խծաբերդը Հադրութի շրջանից մնացած միակ հատվածն էր, որոնց պաշտպանությունը ղեկավարողներից է եղել Հայկ Խանումյանը։

Սիրելիներ, Երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի…

Posted by Hayk Khanumyan on Sunday, December 13, 2020