Քարինտակը և Շուշին այլևս մերը չեն. պատերազմի օրագրից՝ մաս 9-րդ

Նոյեմբերի 8-ի առավոտյան շարժվեցի դեպի Քարվաճառ: Երեկոյան «Ֆիգարոյի» թղթակից Ռեժիս Ժանտեն պատմել էր, որ բավարաված էր Սոթքում և Վարդենիսում օրն անցկացնելով: Նախօրեի խուճապը, երբ Ստեփանակերտից ու շրջական բնակավայրերից մարդիկ շտապ հեռանում էին դեպի Վարդենիս ու Երևան, ֆրանսիացի լրագրողը տեսել էր դա, զրուցել մարդկանց հետ: Նրան օգնել էր նաև տեղի հյուրատան տերը՝ իր ավտոմեքենայով պտտելով Սևանա լճի հարավ-արևելյան ափերին՝ Մասրիկի դաշտավայրում:

Ռեժիսը կրկին ցանկություն հայտնեց մնալ Վարդենիսում: Պայմանավորվեցինք, որ Արցախից վերադարձի ճանապարհին, կարող է ինձ հետ վերադառնալ Երևան: Նա վստահելի տեղեկություն ուներ, որ ադրբեջանցիները գրավել են Քարինտակն ու Շուշին: Նախօրեին բերդաքաղաքից դուրս էին բերել հայ գեներալներից մեկին, որը, փաստացի, գրեթե շրջափակման մեջ էր մնացել: Այդ մասին իմացանք ավելի ուշ:

Մինչդեռ պաշտոնական քարոզչությունը շարունակում էր հույս տալ: Ուր որ է՝ բեկում կլինի: Ուր որ է՝ ադրբեջանցիների առաջն առնելու ենք: Եթե ադրբեջանցիները գրավել են Քարինտակն ու Շուշին, ապա էլ որտե՞ղ կարող է լինել բեկում, էլ որտե՞ղ կարելի է նրանց առաջն առնել: Բեկման համար ավելի լավ տեղ, քան բերդաքաղաքն է, դժվար է պատկերացնել: Ով տիրում է Շուշիին, տիրում է՝ Արցախին: 

Արցախ՝ Ստեփանակերտ էի մեկնում երկու պատճառով: Առաջին՝ չէի կարողանում մնալ Երևանում, երկրորդ՝ այս դեպքում ուզում էի հասկանալ, թե ինչպես է ընկել Շուշին և ընդհանուր առմամբ՝ ինչ իրավիճակ է:

Արևոտ, պարզկա ու համեմատաբար տաք առավոտ էր: Լճի արևելյան՝ Սևանի և հարավային՝ Վարդենիսի լեռնաշղթաների գագաթներն ու մասմաբ լանջերը ձյունապատ էին: Երեկվա խցանումից ու խուճապից հետք չէր մնացել, բայց դիմացից ավտոմեքենաների պակաս չկար: Ազատ գյուղն անցնելուց և մի քանի կիլոմետր շարունակելուց հետո սկսվում է Քարվաճառի շրջանը: 

Ճանապարհին հանդիպում էին կովերի և ոչխարի հոտեր: Քարվաճառ քաղաքում, որ արդեն գրեթե դատարակ էր, կանգ առա ու հարցրեցի.

– Ո՞ւր եք քշում անասուններին:

– Վարդենիս, հետո՝ չգիտեմ,- ասաց տերը:

– Դուք որտեղի՞ց եք,- հարցրի հո-հո անող մարդուն:

– Մարտակերտի Հաթերք գյուղից,- պատասխանեց նա:

– Էլ հետ չեք գնալո՞ւ,- հարցրեցի:

– Հետ գնանք՝ ի՞նչ անենք,- պատասխանեց նա:

Ոչխարների մի երկար հոտ հանդիպեցի Մարտակերտի Գետավան գյուղի ճանապարհին:

– Որտեղի՞ց եք հոտը քշում,- հարցրեցի հոտը քշող երեք երիտասարդներից մեկին:

– Մարտունուց,- պատասխանեց նա:

– Ինչո՞ւ եք հեռանում,- հարցրեցի:

– Ֆիզուլին, մյուս հողերը գրավել են թուրքերը, արոտ չկա, որտե՞ղ պահենք ոչխարներին,- պատասխանեց նա:

– Ո՞ւր եք քշում ոչխարներին,- հարցրեցի նրան:

– Չգիտենք, բայց գնում ենք Վարդենիս,- պատասխանեց նա:

Երբ հասա Վանքի խաչմերուկ, որոշեցի թեքվել դեպի Գանձասար, որը, թվում է, դառնում էր, Արցախի կառավարության մի մասի նոր աշխատավայրը:

Վանք գյուղում, դպրոցի դիմաց ճամփեզրին, հանդիպեցի Արցախում աշխատող հայ լրագրողուհիներից Անժելա Ֆրանգյանին: Պատմեց երեկվա խուճապի մասին, ասաց, որ հրամանի պատասխանատվությունը գցում են մեկը մյուսի վրա:

Արցախում գրեթե լրագրողներ չէին մնացել: Ռուսական Anna news-ի տղաներն էին մնացել` Ալեքսանդր Խարչենկոն և Անդրեյ Կամըժիկինը ու էլի մի քանի հոգի: Շուշիի անկման մասին առաջիններից մեկը հենց նրանք էին տվել, ճիշտ է՝ անուղղակի: Նոյեմբերի 6-ին գրել էին, որ նոր են վերադարձել Շուշիի մատույցներից, այնտեղ ընթանում են լուրջ մարտեր, իրավիճակը բարդ է: Խարչենկոն կարևորել է այն հանգամանքը, որ Արցախի պաշտպանության բանակը մարտի մեջ է մտցրել ռազմատեխնիկա, ինչը նշանակում է, որ օդը հուսալիորեն պաշտպանված է:

Եթե ադրբեջանցիները գրավել են Շուշին, ուրեմն՝ գրավել են նաև Քարինտակը և Հադրութից դեպի Քարինտակ տանող անտառային ճանապարհին ընկած հայկական գյուղերը կամ հարակից կածանները՝ Շեխեր, Թաղավարդ, Ավետարանոց, Սղնախ: Պաշտոնական քարոզչությունը, սակայն, հստակ չէր տվել ավելի վաղ Թալիշի, Մատաղիսի, Հադրութի ու համանուն շրջանի գյուղերի անկումը: Ամեն օր Երևանում նստած՝ ինչ-որ անհասկանալի քարտեզներ էին հրապարակում, որոնք, սակայն, որևէ կապ չունեին իրականության հետ: Ավելին, հորդորում, նախատում էին, որ միայն իրենց տեղեկատվությունից օգտվենք, որը տեղեկատվություն չէր, այլ պրիմիտիվ ստերի փունջ:

Բարձրացա Գանձասար: Արցախի հանրային հեռուստատեսությունը սարքավորումները տեղավորում էր տեղի Մատենադարանի սենյակներում: Այնտեղ հանդիպեցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին: Մոտ տասը տարի առաջ Ջիվանի հետ մի ֆիլմ էի նկարել, որը կրում էր «Մռավից՝ Արաքս» անունը: Մոտ մեկ շաբաթվա ընթացքում ես, Ջիվանն ու «Երկիր Մեդիայի» օպերատորը անց էինք կացրել Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում և կես ժամանոց ֆիլմում պատմում այնտեղ բնակվողների մասին:

Գործարար Արման Սահակյանը, որ Շիրակ ֆուտբոլային ակումբի տնօրենն է և որի հետ ընկերություն եմ անում, նախօրերին իմ Ջիփի մեջ դրել էր երեք արկղ ծխախոտ, որպեսզի այն բաժանեմ հանդիպող մարդկանց՝ զինվորներին, կամավորներին ու մոբին: 

Գանձասարից իջա և շարունակեցի ճանապարհը դեպի Ստեփանակերտ: Մոտ 15-20 կիլոմետր անց ճամփեզրին տեսնում էի դիրքավորվող մեր հրետանուն՝ փողերն ուղղած դեպի Շուշի: Սա ևս մի ցուցիչ է, որ Շուշին մերը չէ: Ճանապարհի երկայնքով հանդիպում էի քայլող կամավորների: Ընդհանրապես, պատերազմի բոլոր օրերին, երբ եղել եմ Արցախում, ճամփեզրին քայլող կամավորների միշտ եմ հանդիպել: Նրանք հանդիպում էին տասնյակներով, երբեմն կարող էին հասնել հարյուրի: Ո՞ւր էին քայլում, որտեղի՞ց էին վերադառնում: Մենք անդադար լսում էինք, որ մարդուժի պակաս կա, բայց ահա, կռվի դաշտից տասնյակ կիլոմետրեր հեռու, մարդիկ ինչ-որ ուղղությամբ քայլում են: Նրանց երբեք չեմ լուսանկարել, քանի որ դեմ էին լինում: Նաև չէին ուզում հարցերի պատասխանել:

Մի քանի ժամվա ընթացքում սիգարետի արկղերը բաժանեցի զինվորներին և շարժվեցի դեպի Ասկերան: Սա Արցախի շրջկենտրոններից միակն էր, որ շատ չէր տուժել պատերազմի 44 օրերի ընթացքում: Մարտակերտը, Շուշին, Մարտունին, մայրաքաղաք Ստեփանակերտը անդադար հրթիռակոծվում էին, սակայն Ասկերանն ու այս ուղղությունը համեմատաբար մնաց հանգիստ: Գուցե ավելի լա՞վ էր պաշտպանված: Գուցե ադրբեջանցիները այս ուղղությամբ հարձակում չէ՞ին ծրագրել: Դժվարանում եմ ասել:

Ասկերանից մեկնեցի Ստեփանակերտ: Նախ բարձրացա Տատիկ-պապիկի արձանի մոտ, այնտեղ հեռախոսով կարճ տեսանյութ արեցի ու տեղադրեցի Ֆեյսբուքի իմ էջում: Չեմ հիշում, ինչ եմ ասել, բայց այն դրված է իմ էջում: Ընդհանուր առմամբ, օդում անհանգստություն ու տագնապ կար: Ստեփանակերտի շրջակայքի անտառապատ հատվածից լսվում էին Կալաշնիկովի և գնդացիրների կրակահերթեր: Մտածեցի՝ ադրբեջանցիները մոտենում են քաղաքին:

Բարձրացա քաղաք: Հատուկենտ ավտոմեքենաներ ու մարդիկ էին հանդիպում ու բոլորը՝ շտապում: Ստեփանակերտի վրա կախված էր վերահաս վտանգը: Հեռվում՝ բարձունիքի վրա, Շուշիից ծխի քուլաներ էին բերձրանում: Բոլորը, ում այդ օրը հանդիպեցի, տեղյակ էին, որ ադրբեջանցիները գրավել են Քարինտակն ու Շուշին: Վերածննդի հրապարակը ևս դատարկ էր: Պատերազմի օրերին այստեղ եռուզեռ կար: Հաճախ էի տեսնում Արցախյան առաջին պատերազմի գեներալներին: Մի քանի անգամ կանգնել-խոսել եմ ոտքի վրա: Նրանք հուսահատված էին հենց առաջին օրերից: Մի անգամ Սամվել Կարապետյանը՝ հայտնի Օգանովսկին ինձ մի բան ասաց, որ հետո նայեցի քարտեզի վրա: Ասաց, որ ինչպես 1992-1994-ին մենք ենք վերցրել տարածքները՝ գյուղեր ու քաղաքներ, նույն կերպ, նույն հաջորդականությամբ, բայց հակառակ ուղղությամբ, անում են ադրբեջանցիները:

Այդ ժամանակ դեռ Քարինտակն ու Շուշին չէին ընկել: Ավելին, Արցախում աշխատելու օրերին, եթե մնում էի այնտեղ, ապա հենց Շուշիում էի գիշերում և մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ ըստ հաջորդականության հերթը Քարինտակինն է ու Շուշիինը: 

Մի խոսակցություն է դրված ինտերնետում, որտեղ Սամվել Բաբայանը, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն է, առաջարկում էր ուղղակի դուրս գալ Արցախից: Թողնել ու դուրս գալ: Հանձնել Արցախը: Առաջին պատերազմի գեներալների մի մասը ևս փակ խոսակցություններում նման առաջարկներ են անում:

Բայց սա հիմա ինչո՞ւ եմ գրում: Որովհետև դեռ ունենք հարյուրավոր անհետ կորածներ, հակառակորդի կողմում մնացած ընկած տղաների անշնչացած մարմիններ, գերիներ, իսկ նույն գեներալները սկսել են հեքիաթներ հորինել ու ստեր տարածել: Սամվել Բաբայանի կեցվածքը՝ Արցախի հերոսի կոչումից հրաժարվելը, տգեղ էր: Եթե դրանով նա փորձում է իր վրայից հանել մեր այս պարտության պատասխանատվության ի՛ր բաժինը, ապա այստեղ բարոյականության խնդիր կա նաև: Հետագայում այսպիսի գեներալները տասնյակ ու հարյուրավոր հարցազրույցներ են տալու, բայց նրանց պատասխանատվությունը մնալու է իրենց վրա: Հաղթեինք՝ հերոսները միայն Դուք էիք լինելու:

Նույն կերպ, տարածում են ինչ-ինչ հեռախոսային խոսակցություններ, թե իբր Հայաստանից օգնություն չի գնացել: Այս ամենն արվում է Նիկոլ Փաշինյանին հարվածելու նպատակով: Փաշինյանը կանգնելու է պատասխանատվության առաջ՝ նաև պատմության, սակայն անընդունելի է սլաքններն ուղղել դեպի Հայաստան, երբ զոհերի ու վիրավորների ավելի քան 90 տոկոսը հենց Հայաստանցից են, այդ թվում մեծամասամբ՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ: Նիկոլ Փաշինյանին հարվածելու նպատակը չի արդարացնում հայաստանցի-արցախցի նոր բաժանարարար գիծ քաշելու մոլուցքը, հատկապես, երբ փորացավը պատասխանատվության քո բաժնից հրաժարումն է:

Իսկ Արցախի ղեկավարությունը պատասխանատու չէ՞ աղետի համար: Արայիկ Հարությունյանը, գեներալները, պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաններն ու հարյուրավոր մարդիկ, որոնք մենակ թողեցին 18-20 տարեկաններին առաջնագծում: Առասպելներ են պատմում արդեն, թե իբր պատրաստ էին զոհվել հանուն հայրենիքի, բայց դե Հայաստանից խուճապ էր գալիս և ոչ օգնություն: Ո՞վ էր ձեր առաջն առնում, որ գնայիք առաջնագիծ: Այս նույն մարդկանց ես բազմիցս հանդիպել եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ գլուխները կախ, մտամոլոր ու սարսափելի տխուր, քանի որ պարտվում ենք: Այս նույն մարդկանց հանդիպել եմ հյուրանոցների ֆոյեներում՝ աշխարհաքաղաքական վերլուծություններ կատարելիս, երբ նրանց երեխաները փախել էին Երևան, իսկ այստեղ զոհվում էին այլ երեխաներ: 

Իմացա, որ Քարինտակում զոհվել է գյուղապետը, որին ես ու ՍիվիլՆեթի Հակոբ Մանուկյանը նկարահանել էինք ու նկարել այն զրահամեքենայի վրա, որը գյուղում թողել էին ադրբեջանցիները 1992-ի հունվարին, երբ պարտվել ու դուրս էին մղվել գյուղից: Դա հոկտեմբերի 2-ին էր՝ պատերազմի վեցերորդ օրը:

Խառը, տխուր ու ճնշող մտորումներով վերադարձա դեպի Քարվաճառ: «Ֆիգարոյի» թղթակից Ռեժիս Ժանտեին վերցրեցի Վարդենիսից և ուշ երեկոյան ճանապարհը Սևանի արևելյան ափով շարունակեցինք դեպի Երևան: