Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով բանակցություններ չեն ընթանում. ԱԳՆ

Ադրբեջանի հետ սահմանզատման հարցերով բանակցություններ չեն ընթանում: Այդ մասին հայտնում են Հայաստանի ԱԳ նախարարությունից՝ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան:

«Ի պատասխան Ձեզ հարցման հայտնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով բանակցություններ չեն ընթանում, հետևաբար չկան նաև այդ նպատակով ձևավորված հանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր», – ասված է ԱԳՆ-ի պատասխանի մեջ:

44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի պետական սահամանն Ադրբեջանի հետ կտրուկ մեծացել է: Ադրբեջանը մոտեցել է Գեղարքունիքին և Սյունիքին: Որոշ հատվածներում իրականացվում է սահմանազատման գործընթաց:

Դեռևս նոյեմբերի 27-ին ԱԳՆ մամուլի ծառայությունը պարզաբանել էր, որ պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներ են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել տեսաուղերձով, որում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը տեղի է ունենում «ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»։

Շատերն այս հայտարարությունը «խնդրահարույց» համարեցին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում GPS կոորդինատներով սահամանազատում իրականացնելը կարող է վտանգավոր լինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար: Այդ մասին խոսում են ոչ միայն փորձագետերը․ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ «GPS-ով սահմանազատումը լրջորեն վտանգում է սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքը»: