Բաքվից հետո՝ Երևան․ համանախագահները հանդիպում են Արա Այվազյանի հետ

Դեկտեմբերի 14-ին մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների այցը Երևան, որը տեղի է ունենում տարածաշրջանային շրջագայության շրջանակում։ Նախօրեին միջնորդները Բաքվում էին։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, մեկնարկել է արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։

Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտարարել է, որ Մինսկի խումբը «որևէ դեր չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և որ ինքը համանախագահներին Բաքու չի հրավիրել»։ Բաքվի հանդիպմանը բացի համանախագահներից ներկա էր Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համախանագահ Իգոր Պոպովը ո՛չ Բաքու, ո՛չ Երևան չի այցելել։