Չորս տասնյակից ավելի գերիներ վերադառնում են հայրենիք․ Արայիկ Հարությունյան

Այսօր Երևանում վայրէջք է կատարելու հայրենիք վերադարձող չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մինչ այս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը գրել էր, որ սպասում են գերիներին տեղափոխող օդանավին։

Հարությունյանի գրառումը՝ ստորև․

«Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին:

Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը»:

Հայաստանը և Ադրբեջանը ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստ են գերիների փոխանակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին հայտնել էր, որ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։