Քաղաքական հակակշիռ է անհրաժեշտ, և դրա իրական հնարավորությունը կա. Վարդան Օսկանյան

«Կոալիցիան սիմետրիկ չի եղել, «Հանրապետական» կուսակցությունը ունեցել է բացարձակ մեծամասնություն: Ի վերջո, «Հանրապետական» կուսակցությունը, եթե ուզում էր մի բան անել, կարող էր անել… Իսկ այսօր մեր սոցիալ-տնտեսական վիճակը շատ ծանր է»,- նշեց Օսկանյանը: Վերջին տարիների ընթացքում նաև, ըստ նրա, որևէ հաջողություն չի գրանցվել արտաքին քաղաքականության ոլորտում:

Ըստ Օսկանյանի`այս ընտրություններում իրական հնարավորություն կա քաղաքական հակակշիռ ստեղծելու, «որ ոչ մի կուսակցություն մենաշնորհ չունենա, մեկը մյուսին հավասարակշռի»: «Եվ եթե կարողացանք հաջորդ խորհրդարանում ստեղծել այդ հակակշիռը, նույնիսկ եթե մենք մեծամասնություն չլինենք, երկիրը կշահի»,- ասաց նա:

Օսկանյանի դիտարկմամբ` միայն այդ դեպքում այլևս օրենքներն իրապես քննարկման և խմբագրման արդյունքում կընդունվեն, քանի որ ստիպված կլինեն լսել գործընկերների կարծիքն ու փոփոխություններ կատարել: «Ձախողվում են այն երկրները, որ ստեղծում են կեղեքող, քանդող ինստիտուտներ»,- նշեց նա` հիշեցնելով, որ սոցիալ-տնտեսական խնդիրների հիմքն է քաղաքական ինստիտուտը:

Մեկնաբանելով իշխող կուսակցությանը քննադատելու, սակայն կոալիցիոն ուժին անդամագրվելու որոշումը` նա նշեց. «Ես չեմ իջեցրել քննադատություն` առանց ասելու, թե ի´նչ պետք է անել, ես միշտ տվել եմ լուծումներ»: Ըստ Օսկանյանի` բոլոր երկրներում ստեղծվում են կոալիցիաներ, տարբեր ուժեր աշխատում են միասին, սակայն երբ գալիս է ընտրության պահը կոալիցիոն կուսակցություններից յուրաքանչյուրն իր ճանապարհով է գնում` նույնիսկ եթե ունի մյուս ուժերի ձայների կարիքը:

ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանը համակրում է, քանի որ «այս տարիների ընթացքում այն այնպիսի քաղաքականություն և ոճ է որդեգրել, որ որևէ մեկի հակակրանքը չի առաջացրել»: «Եվ վերջիվերջո, ավարտվելու են այս ընտրությունները և իրար աչքերի ենք նայելու, մի երկիր է, անկեղծ խոսենք»,- նշեց նա:

«Այսօր մենք այլ կերպ ենք ներկայացնում հասարակությանը [քաղաքական գործընթացները], ժողովրդավարությունն այլ բան է, նրանց պետք է ասենք, նրանք իմանան` ում են ընտրում»,- նշեց Օսկանյանը` հորդորելով բոլորին մասնակցել ընտրություններին, քանի որ ազատ, արդար ընտրություններ անցկացնելը ոչ միայն շատ անհրաժեշտ է, այլև` «այս անգամ առավելագույնս հնարավոր», քանի որ վճռական են տրամադրված թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, թե ՀԱԿ-ը, թե «Ժառանգությունը»:

Մեկնաբանել