Ինչու է արժեզրկվում դրամը. ԿԲ նախագահը՝ անորոշությունների ու սպասումների մասին

Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են, որ ձևավորվել է տնտեսվարողների շրջանում: Տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան: Այս մասին այսօր Կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ դրամի փոխարժեքի տատանումները պայմանավորված չեն տնտեսության մեջ կատարվող գործընթացներով: «Որևէ արտառոց բան չի դիտարկվում տնտեսության իրական հատվածում՝ ներկրում, արտահանում, միջազգային ուղղակի ներդրումներ և տրանսֆերտներ: Արտահանումն, իհարկե, նվազել է այս տարի, սակայն ներմուծման ծավալներն էլ ավելի են նվազել։ Երբ այն համադրում ենք տնասֆերտների հետ, որոնց ծավալն անցյալ տարվա համեմատ չի նվազել, ապա լուրջ խնդիրներ չենք տեսնում: Այս առումով դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում»,- ասաց նա:

Իրավիճակը կայունացել է նաև միջազգային ֆինանսական շուկաներում Հայաստանի ռիսկի հավելավճարի տեսանկյունից: «Եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա այն կրկին նվազել է: Չի վերադարձել նախապատերազմական շրջանի մակարդակին, բայց բավականին նվազել է: Սրա մասին դատում ենք միջազգային գործընկերների արձագանքներից»,- նշեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումը,- իսկ այսօր փոխանակամն կետերում մեկ դոլարը վաճառվում է 530 դրամով,- պայմանավորված չէ տնտեսության իրական հոսքերով և միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարով: «Սրանք դրական երևույթներ են և պիտի որևէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան դրամի փոխարժեքի վրա», – ասաց Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահը խոսեց նաև դրամի փոխարժեքի վրա բացասական ազդող հիմնագան գործոնի, այն է՝ քաղաքական անորոշությունների մասին, որոնք բացասական սպասումներ են ձևավորում տնտեսվարողերի շրջանում:

«Դրամի փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել ապագայի հեռանկարների վրա ձևավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերը և արտարժութային փոխարկումները: Մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների փոփոխություն ի օգուտ արտարժույթի: Դոլարի նկատմամբ պահանջարկն աճել է, որն էլ բանականաբար արտարժույթի գինը բարձրացրել է»,- ասաց Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ ԿԲ-ն հավատարիմ է մնալու իր մանդատին՝ ուղղված ֆինանսական շուկաների բնականոն գործունեությանը, ֆինանսական համակարգի և գների կայունությանը:

ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ խնդիրը քննարկվել է նաև առևտրային բանկերի հետ, որոնց Կենտրոնական բանկը շարունակելու է տրամադրել դրամային, ինպես նաև արտարժութային իրացվելիություն, որպեսզի արտարժութային իրացվելիության որևէ խնդիր չունենան:

Դրամի արժեզրկումը նաև նպաստում է սպառողական շուկայում գնաճային զարգացումներին: «Սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գծով կան գնաճային զարգացումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով: Բավականին մեծ աճեր կան միջազգային շուկայում պարենային ապրանքների մասով։ Այս ամենին նպաստում է նաև հայկական դրամի արժեզրկումը: Հենց այդ պատճառով որոշում է կայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ սահմանելով 5,25 տոկոս», – եզրափակեց Գալստյանը:

Մեկնաբանել