Արայիկ Հարությունյանի խոսնակը՝ ադրբեջանական տեսանյութերի ու Հին Շենի շրջափակման մասին

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է ադրբեջանական տեսանյութերին, որոնցում երևում են հայ զինվորականներ։ Նա մասնավորապես ասել է, թե պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չի բացառել, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։

«Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով»,- նշել է խոսնակը։ Ի դեպ, տեսանյութերը տարածվելուց հետո ՍիվիլՆեթը մի քանի անգամ զանգահարել է Պողոսյանին, սակայն նա անջատել է զանգերը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա մեկնաբանել է նաև տեղեկությունը, թե ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ։

«Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել ՀԻն Շենը։ Համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը»,- նշել է Արայիկ Հարությունյանի խոսնակը։

Բացի այդ, նա հայտնել է, թե տարածված լուրը, իբր ադրբեջանցիները 12 ժամ էին տվել Հին Շենի հարևանությամբ գտնվող Եղծահողի բնակչությանը՝ գյուղը լքելու համար, իրականությանը չի համապատասխանում։

«Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ»։

Մեկնաբանել