Ռուս խաղաղապահները Մարտակերտի 200 ընտանիքների մարդասիրական օգնություն են բաժանել

Ռուս խաղաղապահները Մարտակերտ քաղաքի 200 առավել կարիքավոր ընտանիքների մարդասիրական օգնություն են բաժանել, տեղից հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալության թղթակիցը:

Օգնության հանձնուքների կազմում, որոնք անցած օրվա ընթացքում ստացել է շուրջ 200 ընտանիք, ընդգրկված է սննդամթերք, կենցաղային քիմիա, մանկական սնունդ և անձնական հիգիենայի պարագաներ: Ինչպես գործակալությանը հայտնել է հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար գնդապետ Իգոր Սիվակովը, ընդհանուր առմամբ խաղաղապահների կողմից այստեղ առաքվել է 12 տոննա մարդասիրական բեռ:

Իր հերթին Մարտակերտի շրջանի վարչակազմի փոխղեկավար Նելսոն Աթայանը ՌԻԱ Նովոստիին հիշեցրել է, որ Մարտակերտը վերջերս տեղի ունեցած բախումների արդյունքում Լեռնային Ղարաբաղի առավել տուժած քաղաքներից մեկն է եղել:

«Մեր քաղաքին հատկապես խոշոր վնաս է հասցվել։ Դրան նպաստել են և՛ հրետակոծությունները, և՛ օդից ռմբակոծությունները, և՛ անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Այժմ և՛ շրջանը, և՛ քաղաքը վերականգնվում են։ Մենք փորձում ենք վերքերը բուժել պատերազմից հետո»,- ասել Է Աթայանը ։

Նրա խոսքով՝ առաջին հերթին օգնության են հավակնում այն քաղաքացիները, որոնք մարտական գործողությունների ընթացքում զրկվել են օթևանից: Բացի այդ, ռուսական մարդասիրական հանձնուքների բաժանմանը ներկա են բազմաթիվ տարեց մարդիկ, ինչպես նաև երեխայատեր կանայք՝ բնակչության առավել խոցելի խավերի ներկայացուցիչներ:

«Առաջին հերթին վերականգնում ենք հիվանդանոցները, դպրոցները։ Շատ են նրանք, ովքեր կորցրել են իրենց տները։ Բայց եթե խոսենք ընդհանուր առմամբ՝ խաղաղ կյանքը վերադառնում է իր բնականոն հուն»,- նշել է պաշտոնյան։