Կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ․ ՊԲ

Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է գերեվարման նոր դեպքերի վերաբերյալ տեղեկություններին։

«Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Նախօրեին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է ադրբեջանական տեսանյութերին, որոնցում երևում են հայ զինվորականներ։ Նա մասնավորապես ասել է, թե Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չի բացառել, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։

ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ «պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»։

Մեկնաբանել