ԵՄ-ն Հայաստանին 9 մլն եվրոյի դրամաշնորհ է հատկացնում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

Դեկտեմբերի 16-ին Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրոյի դրամաշնորհ հատկացնելու մասին։ Հատկացումն արվում է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելուն նպատակով։ Ինչպես ասվում է ԵՄ հաղորդագրությունում, որոշումը դատական և իրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների, մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման «առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է»։

«Աջակցության այս փաթեթը կնպաստի արդարադատության համակարգում բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդմանը, ժամանակակից և որակյալ դատական ծառայությունների մատչելիության բարելավմանը և Հայաստանում մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։

Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ընդգծում և աջակցում ենք ՀՀ կառավարության գովելի ջանքերն՝ ուղղված դատական և իրավական ոլորտի կարևոր, համապարփակ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը, և՝ դրանով իսկ, ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը։

Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) և «ԵՄ-ն հանուն բարեվարքության» շրջանակներում տարբեր նախաձեռնությունների միջոցով տրամադրվող այլ գործիքներին՝ ուղղված տեխնիկական աջակցության տրամադրմանը և կարողությունների զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

«Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի դատական և դատախազական մարմինների հաշվետվողականության բարձրացմանը և պահանջում զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության», նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասել է, որ 9 միլիոն եվրոյի հատկացումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն բյուջեի առաջին տրանշի արժեքն է։

Մեկնաբանել