Ինչ չասաց ԿԲ նախագահը

Դեկտեմբերի 15-ի ասուլիսին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ուղիղ չասաց, բայց ակնարկեց դրամի արժեզրկման հիմնական պատճառի մասին, որը քաղաքական է:

«Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են, որ ձևավորվել է տնտեսվարողների շրջանում: Տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան»,- հայտարարեց ԿԲ նախագահը և խոսեց ֆունդամենտալ խնդիրների բացակայության մասին:

Տե՛ս՝ Ինչու է արժեզրկվում դրամը. ԿԲ նախագահը՝ անորոշությունների ու սպասումների մասին

Այսինքն, տնտեսության իրական հատվածում՝ ներկրում, արտահանում, միջազգային ուղղակի ներդրումներ և տրանսֆերտներ, որևէ արտառոց բան չի կատարվում: «Արտահանումն իհարկե նվազել է այս տարի, սակայն ներմուծման ծավալներն էլ ավելի են նվազել։ Երբ այն համադրում ենք տնասֆերտների հետ, որոնց ծավալն անցյալ տարվա համեմատ չի նվազել, ապա լուրջ խնդիրներ չենք տեսնում: Այս առումով դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում»,- ասաց նա:

Պատճառը, որի մասին ակնարկեց Գալստյանը, բացասական սպասումներն են, որ կան ու խորանում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո սկիզբ առած քաղաքական ճգնաժամի պատճառով: Պետական ինստիտուտներն անշեղորեն «բռնել են» քայքայման ճանապարհը՝ դրանից բխող երկարատև ու ծանր հետևանքներով: Միայն կայունությունը կարող է հեռու պահել երկիրը ֆինանսական ցնցումներից ու արտաքին պահուստների մսխումից: Իսկ կայունության ու անկայունության աղբյուրը գործող իշխանությունն է:

ԿԲ-ն վերջին մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ է հայտարարում արտարժույթի շուկայում գործառնություններ իրականացնելու մասին: Խոսքն իհարկե առաջին հերթին ինտերվենցիաների մասին է, որոնք կարճ ժամանակով կանխում են դրամի արժեզրկումը, բայց չեն լուծում խնդիրը: Որոշ ժամանակ անց անորոշությունները կրկին անում են իրենց «սև գործը»: Արդեն իսկ սեպտեմբերից մինչ օրս արտաքին պահուստները կրճատվել են ավելի քան 300 մլն դոլարով, որի մի մասն ուղղվել է դրամի կայունության ապահովմանը, իսկ մյուս մասը՝ պարտքի սպասարկմանը:

Այլ կերպ ասած՝ առկա իրավիճակում ինչ քայլեր էլ կատարի ԿԲ-ն, կարող է ունենալ միայն ժամանակավոր արդյունք: Մոնետար գործիքները սպառվել են տնտեսությունն ու ֆինանսական համակարգը ցնցումներից պաշտպանելու համար: Քաղաքական անորոշություններն են խեղդում ու իրենց գործն անում, իսկ դրամը դրան պատասխանում է արժեզրկմամբ:

Ինչո՞ւ․ որովհետև տնտեսությունը, ֆինանսական համակարգը կառուցվում է վստահության վրա: Չկա վստահություն պետության ու իշխանության կայունության նկատմամբ, կգահավիժի վստահությունն ազգային արժույթի նկատմամբ: Նման իրավիճակներում մարդկանց վարքագիծը կտրուկ փոխվում է, ներդրողները հանում են իրենց ակտիվները երկրից, իսկ դրամով ակտիվները՝ դոլարի վերածում: Սա ֆինանսական համակարգը պայթեցնելու ճանապարհ է:

ԿԲ-ն 1 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Իսկ հիմա հարց՝ արդյոք գործող իշխանությունն ի զորո՞ւ է շտկել իրավիճակը, կայունացնել այն, դրական օրակարգի ավանգարդը դառնալ: Գուցե սխալվենք, սակայն ազգային աղետի մասշտաբների չգիտակցումը, դրանից հստակ հետևություններ չանելը (դատեր, հրաժարական, պատասխանատվություն, հետևություններ), այլ բանի մասին են խոսում:

Եթե պետական ինստիտուտները նախկինում քիչ թե շատ աշխատում էին, այժմ կամ քայքայվել են, կամ շեշտակի թուլացել: Կայացած համակարգերից գործում է բանկայինը, դա էլ քաղաքական խնդիրների պատճառով կարող է վտանգվել:

Գործող իշխանության համար, անգամ ամենամեծ ցանկության պարագայում գրեթե անհնար է լինելու դրական օրակարգ բերելը: Քաղաքական դիսկուրսն այն դուրս է մղելու, ինչպես այս պահին պետական համակարգի մի մասն է ըմբոստացել իշխանության դեմ: