Խծաբերդի ուղղությամբ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում. Բեգլարյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է արել Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած զինծառայողների վերաբերյալ։

«Հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ եմ հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ:

Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում:

Բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը: ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»,- հայտարարել է Բեգլարյանը։

***

Արցախի ՊԲ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 16-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Մեկնաբանել