Արայիկ Հարությունյանը չորս պատճառ է նշել, թե ինչու հրաժարական չի տվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծավալուն ուղերձ է հղել, որում ի շարս տարբեր հարցերի, մանրամասնել է, թե ինչու հրաժարական չի տվել։ 

«[…] անկախ առկա իրավիճակի համար իմ իրական ու օբյեկտիվ պատասխանատվության չափից՝ պատերազմից հետո ես պատրաստ էի վայր դնել Հանրապետության նախագահի իմ լիազորությունները, սակայն մի քանի հիմնական պատճառով չգնացի այդ քայլին: 

• Նախ՝ արդյո՞ք հետպատերազմյան հումանիտար աղետի առերեսված ու բազմաթիվ զրկանքների մեջ խրված Արցախը, արագ համախմբվելու և ժողովրդի առկա կարիքներով զբաղվելու փոխարեն, պետք է անցներ քաղաքական լարվածության ու կառավարման անկայունության մի երկարատև փուլ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է. առնվազն անմեղսունակ պետք է լինել ժողովրդի դարդերը թողնելու և ներքաղաքական պայքարի կրկեսը մտնելու համար.

• Երկրորդ՝ արդյո՞ք արտաքին ու անվտանգային լրջագույն մարտահրավերների պայմաններում որևէ մեկը համոզված է, որ պատշաճ կամ նույնիսկ նվազագույն չափով երաշխավորված միջավայր ունենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և կայացնելու համար.

• Երրորդ՝ պետք չէ մոռանալ նաև սահմանադրական կարգավորումների մասին, որոնք այնպես են կառուցված, որ այս փուլում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են առաջացնել սահմանադրական ճգնաժամ՝ խորացնելով ընդհանուր պետական ճգնաժամը.

• Չորրորդ և վերջապես՝ ես պատասխանատվությունից խուսափող մարդ չեմ, հակառակը՝ այս ծանր շրջանում ստանձնում եմ լրիվ պատասխանատվություն մեր Հայրենիքն ու ժողովրդին հետպատերազմյան ճգնաժամից հանելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում իմ և այլ պաշտոնատար անձանց գործողություններին ու վարքին, ապա ողջունում եմ հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից իրավապահ մարմիններ ներկայացված հաղորդումը հնարավոր պետական դավաճանության ու այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ: Ես պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել իրավապահ մարմիններին արդյունավետ քննություն անցկացնելու այդ գործի մասով, պատրաստ եմ նաև անձամբ պարզաբանումներ ներկայացնելու: Իսկ ինչ վերաբերում է հետաքննության արդյունքներին ու դրանցից բխող գործողություններին, ապա ոչ միայն պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը, այլ նաև պարտավոր եմ իմ լիազորությունների շրջանակներում հնարավորինս կատարել կոնկրետ հարցերում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վերհանված խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասված է ուղերձում:

Արցախի նախագահը նաև ասել է, որ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները՝ պատրաստ է հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։

Նա նշել է, որ որոշել է հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում կարողանա գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ։