Մեքենաների մաքսազերծման տուրքերը պետք է փոխվեն․ Արա Նռանյան

Ըստ նրա՝ այդ տուրքերը պարզապես ունեն ֆիսկալ նշանակություն, այսինքն՝ ապահովել բյուջետային եկամուտները։ «Երբ մտցվում էր ներկրվող ավտոմեքենաների համար բնապահպանական վճարը, այն ժամանակ արդեն իսկ հայտարարվել էր, որ դա սխալ մոտեցում է և բերելու է համատարած բոլոր ավտոմեքենաների թանկացմանը և փոխելու է գնային կորը»,- ասաց Նռանյանը՝ հավելելով, որ այդ վճարների ներդրման հետևանքով ստացվեց այնպես, որ եթե նախկինում ինչ-որ գումարով քաղաքացին գնում էր առավել նոր ավտոմեքենա, հիմա նա այդ գումարով գնում է ավելի հինը։

«Մենք առաջարկում ենք, որ մաքսազերծման ժամանակ գումարները գանձել ոչ թե ներկայում առկա չափորոշիչներով, այլ սահմանափակել հին ավտոմեքենաների մուտքը՝ ներդնելով որոշակի պահանջներ, իսկ որոշակի չափորոշիչների բավարարող մեքենաների համար ընդհանրապես ֆիսկալ պահանջ չկիրառել»,- ասաց Նռանյանը՝ հավելելով, որ եթե մեքենան չափերով փոքր է, ունի թույլ շարժիչ, բավարարում է, օրինակ, բնապահպանական «Եվրո 4» պահանջները, կարելի է սահմանել 0% մասքատուրք։ Ըստ նրա՝ այսօր ստեղծվել է մի պատկեր, երբ ռուսական արտադրության նոր ավտոմեքենան, որը չի բավարարում ոչ մի բնապահպանական նորմ, ներկրվում է 0% բնապահպանական վճարով, իսկ մի քանի տարի առաջ արտադրված ճապոնական արտադրության մեքենան, որը ավելի շատ է բավարարում բնապահպանական նորմերը, ներկրվում է բնապահպանական վճարներով, և դրանով իսկ արհեստականորեն բարձրացվում է այդ մեքենային գինը։

Նռանյանը չբացառեց, որ ֆիսկալ քաղաքականության արդյունքում բյուջեի եկամուտային մասը որոշակիորեն տուժի: «Բայց դա կլինի ընդամենը առաջին տարում»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր մինչև 5 տարվա հնություն ունեցող մեքենաների համար բնապահպանական վճար չի վճարվում: 5-10 տարվա մեքենաների համար վճարը կազմում է 2%, 10-15 տարվա մեքենաների համար՝ 10% և 15-ից ավելի տարվա մեքենաների համար՝ 20%: Այս ամենի արդյունքում մինչև 5 տարեկան մեքենաների մաքսազերծման գումարը կազմում է մեքենայի արժեքի 32%-ը, մինչև 10 տարվա մեքենաներինը՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42%-ը, իսկ 15 տարուց ավելի հին մեքենաներինը՝ 52%-ը։