Արցախից տեղահանվածներին հյուրընկալողները փոխհատուցում կստանան

Արցախից տեղահանվածներ հյուրընկալող ֆիզիկական անձինք պետության կողմից եռամսյա փոխհատուցում կստանան։ Այս հարցն ընդգրկված է դեկտեմբերի 17-ի կառավարության նիստի օրակարգում։ 

Եթե հյուրընկալ կողմը ՀՀ-ում է, ստանալու է աջակցություն ամսական 30 000 դրամի չափով, իսկ եթե Արցախում` ապա 45 000 դրամի չափով։ «Լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության հետևանքով հյուրընկալող քաղաքացիներն ունեն ֆինանսական խնդիրներ, որի նպատակով անհրաժեշտ է վերջիններիս տրամադրել համապատասխան սոցիալական աջակցություն»,- նշված է որոշման հիմնավորումներում։ 

Եթե արցախցիները հրաժարվեն համապատասխան կացարաններում բնակությունից, ապա հյուրընկալին գումար չի փոխանցվելու։ Արցախից այն հյուրընկալվողները, ովքեր Արցախի վերահսկողության տակ մնացած տարածքներում սեփականության իրավունքով անշարժ գույք ունեն, վերջիններիս հետ կապված գործընթացները չեն փոխհատուցվելու կառավարության կողմից։