Որն էր պատերազմից խուսափելու տարբերակը․ հատված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախքան պատերազմը հասել էր մի կետի, երբ Արցախի յոթ շրջանների վերադարձը դրվում էր որպես առաջնային հարց: Այդ մասին նա ասել է «Ազատության» հետ զրույցում։

«Եվ պատերազմից խուսափելու տարբերակը, ըստ էության, Ղարաբաղի հետագա կարգավիճակից հրաժարվելն էր: Եվ մեզ առաջնորդում էր այն պարզ գիտակցումը, որն այսօր գործնականում ապացուցվում է՝ որ ցանկացած բան, որն ընդունելի է դառնում Հայաստանի համար, անընդունելի է Ադրբեջանի համար, և Ադրբեջանը ամեն անգամ բարձրացնում է իր պահանջների նշաձողը: Եվ, ըստ էության, իրավիճակը հասել էր մի կետի, երբ պատերազմն անխուսափելի էր: Պատերազմն ուղղակի անխուսափելի էր»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ «պատերազմից խուսափելու տարբերակը հանձնվելն է»:

«Գիտեք ինչ, մենք փորձ էինք անում և պիտի փորձ անենք տեր կանգնել մեր իրավունքներին: Որովհետև հակառակը ուղղակի հանձնվելն է: Պատերազմից խուսափելու տարբերակը հանձնվելն է: Եթե մենք համարում ենք, որ հանձնվելը պատերազմից խուսափելու ճիշտ տարբերակ էր, ուրեմն, այո, մենք սխալ ենք արել, որ չենք հանձնվել»:

Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ եթե անգամ բանակցությունների միջոցով Ադրբեջանի վերահսկողությանը հանձնեին Արցախի շրջաններից որոշները, կոնֆլիկտը չէր հանգուցալուծվի․ «Մենք էլի կանգնելու էինք պատերազմը Ձեր ասած՝ ավելի վատ կետից շարունակելու անհրաժեշտության առաջ»: Ըստ կառավարության ղեկավարի՝ այս սցենար դեպքում հնարավոր է, որ խաղաղապահները չմտնեին Ղարաբաղ։

«Ո՞վ է ասել, որ խաղաղապահները գալու էին այդ պարագայում: Կամ եթե խաղաղապահները գալու էին, եկել են արդեն խաղաղապահները, մենք Խծաբերդ-Հին Թաղերում խուսափեցի՞նք պատերազմից, խուսափեցի՞նք մարտական գործողություններից: Այնտեղ են չէ՞ խաղաղապահները: Բա ինչո՞ւ չենք խուսափել մարտական գործողություններից: Եվ, իմիջիայլոց, ասեմ՝ խաղաղապահների հետ կապված ամեն ինչ այդքան պարզ չէ, որովհետև խաղաղապահների ամենատարբեր կոնֆիգուրացիաները կարող էին ամենատարբեր ռեակցիաներ առաջացնել տարածաշրջանում, և որոշակի կոնֆիգուրացիաներով խաղաղապահների հայտնվելը կարող էր ավելի մեծ պատերազմ առաջացնել մեր տարածաշրջանում»:

Վարչապետը հիշեցրել է, որ պատերազմի ընթացքում այն դադարեցնելու ուղղությամբ տարվել են աշխատանքներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների մասնակցությամբ։

«Այդ ընթացքում ես խոսել եմ ցավոտ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին: Անվտանգության խորհրդի նիստ եմ հրավիրել և ասել եմ, որ պատրաստվում եմ այսպիսի առաջարկներ անել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Հրավիրել եմ քաղաքական արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Այսինքն՝ այդ բոլոր առաջարկներն արվել են, այդ բոլոր միջոցները ձեռնարկվել են, և այս քննարկումների համատեքստում նորից պարզվել է նույնը՝ որ այն, ինչ ընդունելի է դառնում Հայաստանի համար, այսինքն՝ Հայաստանը պատրաստ է ընդունել, Ադրբեջանը չի ընդունում, չի ընդունել»,- նշել է Փաշինյանը։ 

«Եվ տեսեք՝ այն, ինչ նոյեմբերի 9-ից հետո համարվում է դավաճանություն, այստեղ էլ հակասություն կա այդ մեղադրանքի մեջ: Որովհետև մի դեպքում ասվում է՝ Աղդամը, Քելբաջարը, Լաչինը հանձնելու թուղթ ստորագրելը դավաճանություն է, մյուս կողմից ասվում է՝ ինչո՞ւ ավելի շուտ դա չէր արվում: Եվ ընդհանրապես այդ մեղադրանքների ներքին հակասությունները շատ կարևոր է պարզաբանել: Այսինքն՝ պատերազմը կանգնեցնելու համար Լաչինը, Քելբաջարը, Աղդամը հանձնելը սխալ էր, բայց Ֆիզուլին, Ջաբրաիլը, Զանգելանը, Կուբաթլին հանձնելը ճիշտ կլիներ: Այդ բոլոր փորձերն արվել են: Այդ բոլոր փորձերն արվել են»։

«Ազատություն» լրագրողը վարչապետին հիշեցրել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե ինքը պատերազմի 4-րդ օրը զեկուցել է հայկական կողմի անխուսափելի պարտության մասին։ Փաշինյանն ասել է, որ այդ զեկույցներից հետո արվել են կոնկրետ գործողություններ՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ․ «Մենք ամեն ինչ արել ենք՝ իրավիճակը փոխելու համար»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ նպատակ ունեին պատերազմը կանգնեցնել հայկական կողմի համար բարենպաստ կետում։ 

Անդրադառնալով մեղադրանքներին, որ ինքը եկել է և «բանակը գլխատել», գործադիրի ղեկարավն ասել է․ «Բանակում մեր իշխանության օրոք ոչ մի նոր մարդ չի հայտնվել: Ոչ մի նոր մարդ: Եվ բոլոր պաշտոնյաները, ովքեր գործում են, բոլորը՝ Պաշտպանության բանակի այսօվա հրամանատարը նախկինում եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Մարդիկ են ղեկավարում բանակը, ովքեր, ըստ էության, բանակի ակունքներից են գալիս: