ՌԴ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում «ապակայունացման վտանգ է պարունակում», կարծում են Պետդեպում

Վաշինգտոնը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը։ 

Ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ռուսական ազդեցությանը Վաշինգտոնի հակազդեցության մասին հարցին՝ նա ասել է․ «Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը ապակայունացման վտանգ է պարունակում։ Հստակ է, որ դա մարտահրավեր է բոլոր ներգրավված պետությունների ու կողմերի համար,- ասել է Կուպերը։ – Այդ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում մարդասիրական իրավիճակին, որի մասին մասամբ խոսել է պետքարտուղար Պոմպեոն նոյեմբերին»։

Կուպերը ճեպազրույցի ժամանակ նաև ասել է, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ է համարում խաղաղության շուրջ բանակցությունների անցկացումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավումը։ 

***

Կուպերի հայտարարությունը հետևում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի այն պնդմանը, թե Վաշինգտոնը «դեռ շատ հարցեր ունի Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, տարածշրջանում Թուրքիայի դերակատարության մասին»։ 

Ավելի վաղ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ հստակ լինելը մատնանշել էին ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մայք Պոմպեոն և Ժան Իվ Լե Դրիանը։ Նրանք  հայտարարել էին, որ Ռուսաստանից ակնկալում եմ «ավելի շատ հստակություն» Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի պայմանների և համաձայնության վերաբերյալ։