Դիանա Գալոյանը չհաստատվեց Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնում (լրացված) 

Դիանա Գալոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր նշանակելու հարցն ընդգրկված էր կառավարության դեկտեմբերի 17-ի նիստի օրակարգում։

Կառավարությունը տևական ժամանակ չէր հաստատում ՀՊՏՀ-ում կայացած մրցույթի արդյունքները։ Գալոյանի՝ մրցույթին մասնակցելն ու ռեկտոր նշանակվելը կապվում էր հովանավորչության փաստի հետ, որի մասին խոսում էր նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը։

Գալոյանը մտերիմ հարաբերությունների մեջ էր ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ։

Հուլիսին ԲՈԿ-ը սկսեց Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց՝ ատենախոսության մեջ գրագողության փաստերի հիմքով։ Նույն օրը, սակայն, Դիանա Գալոյանը ՀՊՏՀ խորհրդում ընտրվեց ռեկտոր։

Հաշվի առնելով Գալոյանի ատենախոսության հետ կապված խնդիրները՝ հուլիսից մինչ այսօր մրցույթի արդյունքները չէին հաստատվում։ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ունեցած հակասությունների պատճառով ստիպված էր թողնել պաշտոնը։

Մրցույթի արդունքների հաստատման հարցում կառավարության նիստին վերապահումներ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հիշեցնելով, որ դատարանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արգելք էր սահմանվել։ Ի պատասան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց՝ Գալոյանին այդ պաշտոնում չհաստատելու որևէ հիմք չկա։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հարցը լրացուցիչ կքննարկվի կարճ ժամկետում, ապա, դրական ելքի դեպքում, կհաստատվի թեկնածությունը։

Մեկնաբանել