ՊՆ-ից հրահանգ է իջեցվել՝ մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 17։00-ն լքել զբաղեցրած դիրքերը․ Կապանի քաղաքապետ

Կապան համայնքը պաշտպանող կամավորները փակել են քաղաքից Մեղրի տանող մայրուղին։ Կապանից Մեղրի տանող մայրուղին այս պահին փակ է․ տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Մարդիկ ուզում են ավտանգության երաշխիք։ Ակցիայի հիմնական մասնակիցներն այն կամավորականներն են, որոնք մինչև հիմա իրականացրել են Կապան համայնքի սահմանների պաշտպանությունը»,- ասաց Փարսյանը։

Նրա խոսքով՝ այսօր ՊՆ-ից հրահանգ է իջեցվել զինվորականներին, որ վաղը մինչև 17։00-ն կամավորականները պետք է լքեն զբաղեցրած դիրքերը. «Այդ դիրքերով այսօր իրականացվում է Կապանի անվտանգությունը։ Եթե նրանք այդ դիրքերը լքեն, Կապանը հայտնվում է խայտառակ իրավիճակի մեջ, այդ թվում՝ Գորիս-Կապան ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը, ինչպես նաև ադրբեջանական կողմին կմնա Կապանից դեպի գյուղ Ագարակ տանող ճանապարհը»։

Փարսյանը նաև հավելեց, որ անգամ դիրքերը լքելիս հարկավոր է իրականացնել համալիր աշխատանքներ՝ Կապանի և հարակից գյուղերի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել