ԱԱԾ-ն հայտարարում է իշխանության յուրացման դեպք բացահայտելու մասին

ԱԱԾ-ն հայտարարում է, որ բացահայտել է նախկին պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ իշխանության յուրացման դեպք, հարուցվել է քրեական գործ։ Այս գործով ներգրավված է նաև ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, ում մեղադրանք է առաջադրվել։

Ըստ հաղորդագրության՝ այս գործով մեղադրանք է առաջադրվել ոմն Հ.Ծ.-ին, որը կապի մեջ է եղել Վարդան Այվազյանի հետ՝ իր գործողությունների վերաբերյալ. «Հ.Ծ-ն նախ մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում կատարվող՝ գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որպիսի գործողությունների հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, ապա խմբի մյուս անդամների հետ, նկատելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հատկացված «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, փոխլրացնելով միմյանց գործողությունները, շրջափակել են այն, զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին ճոճել, թափահարել է ավտոմեքենան՝ փորձելով այն շրջել, բարձրացել է ավտոմեքենայի վրա, բռնություն գործադրելու նպատակով բացել է ավտոմեքենայի վարորդի կողմի դուռը, որի ընթացքում զանգվածային անկարգության մասնակիցները վնասել են Արարատ Միրզոյանի ծառայողական ավտոմեքենան՝ կոտրելով նաև ավտոմեքենայի ապակիները՝ այդ կերպ հարկադրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և վերջինիս անվտանգությունն ապահովող ծառայողներին դուրս գալ ավտոմեքենայից, որից հետո Հ. Ծ.-ն մի խումբ այլ անձանց հետ բռնություն է գործադրել Արարատ Միրզոյանի և ՀՀ ԱԱԾ ՊՊԾ ազգային ժողովի նախագահի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրանց գլխի և մարմնի տարբեր շրջաններին, ինչի հետևանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ ԱԱԾ-ի՝ Հ.Ծ-ն նաև բռնություն գործադրելու նպատակով փնտրել է մարզպետներներին, իսկ հետագայում «Հ. Ծ.-ն իր համակիրների հետ հեռախոսազրույցի ընթացքում ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ եթե դեպքի օրն իրադարձությունները «ճիշտ ձևով» ընթանային, ապա արդեն իսկ զավթած կլինեին իշխանությունը՝ հավելելով, որ «սրանք հմի չէին լինելու»:

Նախաքննության ընթացքում Հ.Ծ.-ն նաև խոչընդոտել է գործի քննությանը։ Հ.Ծ-ին կլանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ 100-ից ավելի խուզարկությունների արդյունքում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող տարբեր կուսակցությունների ղեկավար կազմում ընդգրկված անձանց կողմից հետագա հավաքների ժամանակ բռնություններ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բռնության միջոցով ներքին անկայունություն հրահրելու մտադրություններ ունենալու մասին փաստական տվյալներ»-նշված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Մեկնաբանել