Բրյուսելում քննարկվել է ԵՄ-ի դերը Ղարաբաղում վերականգնմանն ու հաշտեցմանն աջակցելու գործում

ԵՄ-ն և Հայաստանը քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում 2020թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ԵՄ-ի դերը վերականգնմանն ու հաշտեցմանն աջակցելու գործում, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր:

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը նախագահել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի մասնակցությամբ, հաղորդում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Գործընկերության խորհուրդը գնահատել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրանակացումը, որն ընգրկում է համագործակցության լայն շրջանակ քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտային ուղղություններում։ Քննարկվել են նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր այլ թեմատիկ ուղղություններ: ԵՄ-ն վերահաստատել է իր շարունակական լիակատար հանձնառությունը համատեղ օրակարգին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:

Գործընկերության խորհուրդն անդրադարձել է COVID-19 համավարակի հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին՝ ընդգծելով ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են կյանքի և կենսամիջոցների պաշտպանությանը, հասարակությունների և տնտեսության վերաբացմանը։

ԵՄ-ն և Հայաստանը քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում 2020թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ԵՄ-ի դերը վերականգնմանն ու հաշտեցմանն աջակցելու գործում, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր:

«ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ներպետական շարունակակական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների և գործարարության: COVID-19 համավարակի հետևանքները չեզոքացնելու, արդարադատության և ոստիկանության ոլորտներում կառավարության առաջնահերթ բարեփոխումների ուղղությամբ զգալի աջակցություն ցուցաբերած լինելով հանրդերձ, մենք պատրաստ ենք նաև քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք պատրաստ ենք նաև տրամադրել 10 միլիոն եվրո՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը և աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ», ընդգծեց ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին»,- նշված է հաղորդագրությունում:

ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը կայացել է ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպման նախօրյակին:

Մեկնաբանել