Խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է պատերազմից հետո սահմանազատման գործընթացին՝ նշելով, որ «խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է»։

«Մեզ համար խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է, իսկ կայծակնային սահմանազատումը՝ անընդունելի գործընթաց: Անհրաժեշտ է գտնել համապատասխան ներուժ ու մեխանիզմներ դրանցից խուսափելու համար, առավել ևս, որ երկուսի մասով էլ առկա են ավելի քան բավարար միջազգային իրավական ու պատմական հիմքեր ու փաստարկներ»,- գրել է Բեգլարյանը։

Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նշել էր, որ GPS-ի հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող, քանի որ դա վտանգում է սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքը։

Նոյեմբերի 27-ի տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ նոր սահմանները որոշվում են «ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»:

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»,- ասել էր Փաշինյանը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում տեղակայվելու են ռուս սահմանապահներ։ 

Սահմանազատման գործընթացին զուգահեռ Սյունիքում բողոքի ցույցեր են ընթանում՝ անվտանգության երաշխիքների պահանջով։