Բանակը, որ ջախջախվել է, Փաշինյանի բանակը չէ․ Իլհամ Ալիև

«Այն բանակը, որ ջախջախվել է, Փաշինյանի բանակը չէ։ Դա բանակ է, որը ստեղծել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի շարունակ»․ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց անցկանցվող խորհրդի նիստին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մեր քաղաքները՝ Ջեբրայիլը, Աղդամը, Ֆիզուլին և այլն, ոչնչացնում էր ոչ թե Փաշինյանի բանակը։ Նա դրա վերաբերյալ ցուցում չէր տալիս։ Նախ, այնտեղ այլևս ոչնչացնելու բան չկար։ Այդ ամենն արվում էր Քոչարյանի ու Սարգսյանի ռեժիմի կողմից՝ ԱՊՀ մեր նախկին այսպես կոչված գործընկերների կողմից, մարդկանց, ովքեր մասնակցել են մեր նիստերին, որոնք ինձ հետ տարիներ շարունակ բանակցել են։ Մենք գիտեինք, որ այդ մարդկանց ձեռքերն ադրբեջանցի ժողովրդի արյան մեջ են, բայց երբ մենք եկանք այդ տարածքներ, տեսանք այն սարսափն ու ողբերգականությունը, որը նրանք արել էին»,- ասել է Ալիևը։

Ալիևի խոսքով՝ «նրանք, ովքեր այժմ փորձում են Հայաստանում իրավիճակն օգտագործել իրենց քաղաքական նպատակներով և հարձակվել Նիկոլ Փաշինյանի վրա, պետք է հասկանան, որ դա իր բանակը չէր, նա չէր հասցնի այն ստեղծել»:

«Այո, գուցե նա չհասցրեց անել այն, ինչ պետք էր անել, բայց գրեթե 20 տարի այդ բանակը ստեղծում էին Քոչարյանն ու Սարգսյանը: Եվ մենք ջախջախեցինք նրանց բանակը»,- ասել է Ալիևը։

Խոսելով Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործունեության մասին՝ Ալիևն ասել է, որ այն շատ հաջող է իրականացվում, խաղաղապահները մշտական կապի մեջ են Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ։

Ալիևն ընդգծել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման օրվանից գրեթե մեկուկես ամսվա ընթացքում գրանցվել է ընդամենը մեկ միջադեպ, որը, «ադրբեջանական կողմի տվյալներով, հրահրվել է հայկական իշխանությունների կողմից չվերահսկվող այսպես կոչված աշխարհազորայինների խմբերի կողմից»:

«Միջադեպը լուծվել է մեկ օրվա ընթացքում։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է, և օրեցօր այն ավելի ու ավելի ամուր կլինի»,- ասել է Ալիևը։

Ալիևի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսակցությունը արդեն կարելի է վարել բացառապես անցյալ ժամանակով։

«Ես լիովին համաձայն եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ այն բանում, որ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ մենք պետք է խոսենք արդեն այն մասին, թե ինչ է եղել անցյալում։ Սա արդեն պատմություն է»,- նշել է նա։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ տարածաշրջանի ապագան մեծապես կախված կլինի Հայաստանի ղեկավարության կողմից իրավիճակի գնահատումից, «արդյոք նա կկարողանա՞ ճիշտ քայլեր անել, որպեսզի խաղաղությունը լինի երկարաժամկետ և կայուն»:

Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր ազդանշան է անվանել այն ուժերին, որոնք ցանկանում են խանգարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանների կատարմանը:

«Երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչը ԶԼՄ-ներին տված ասուլիսին ևս մեկ անգամ նշեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Սա նման առաջին հայտարարությունը չէ։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հայտարարություն է։ Եվ կարևոր է այն ռևանշիստական ուժերի համար, որոնք փորձում են վերանայել նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները։ Ցավոք, նման ուժեր կան։ Եվ սա շատ կարևոր ազդանշան է նրանց, ովքեր փորձում են խանգարել այդ հայտարարության կատարմանը։ Իսկ նման փորձեր մենք տեսել ենք և՛ պատերազմի, և՛ հայտարարության ստորագրումից հետո»,- ասել է Ալիևը։

Հինգշաբթի ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի մաս է։

Տե՛ս նաև՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին

Մեկնաբանել