Զինկոմի համար կա ցուցակ և անուն, այլ ընկալում չկա․ ՏՏ ընկերությունների խնդիրը ռազմական դրության պայմաններում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները դժգոհություն են հայտնում պաշտպանության նախարարության կողմից պահեստազորայինների եռամսյա հավաքներ կազմակերպելու որոշումից։ Նրանք առաջարկում են իրենց կարողություններն օգտագործել ավելի նպատակային, այլ ոչ «բահերով խրամատ փորելու»։

VMware Armenia ընկերությունը, որ վիրտուալիզացիայի և ամպային ենթակառուցվածքների համաշխարհային առաջատար VMware-ի հայաստանյան մասնաճյուղի ինժեներական տնօրենն է, նշում է՝ ողջ պատերազմի ընթացքում ՏՏ ոլորտի մասնագետների համար զորահավաքի ընթացքում որևէ ֆիլտր չի գործել.

«Մենք չէինք ասում՝ մեզ մի տարեք, որովհետև… մենք ասում էինք մեզ մի տարեք, որ ձեզ ավելի շատ օգուտ տանք։ Երկու անգամ թեթևակի փոփոխություն եղավ՝ մի անգամ, երբ ինչ-որ խելոք որոշել էր, որ բոլոր ծրագրավորողներին կարող է զանգել ու կանչել որպես ԱԹՍ-ի վարորդ, ներառյալ ինձ։ Ես ղեկավարում եմ ընկերություն, բայց վստահաբար ԱԹՍ-ի լավագույն վարորդը չեմ։ Ես հատուկ գնացել ու նրանց տվել եմ մարդկանց մի ցուցակ, ովքեր կարող են ԱԹՍ աշխատեցնել՝ «վերցրեք, օգտագործեք, զանգեք, հաճույքով կգան»։ Եթե դա տեսակավորված լիներ ու բոլորին հավասարության հիմքով տանեին, ես կհասկանայի՝ այսինքն կհասկանայի, որ զինկոմիսարիատում գիտեն՝ ես ով եմ, բայց նպատակադրված տանում են։ Բայց ամեն ինչ այդպես չէր»,- բացատրում է Նազարյանը։

Նա անհրաժեշտ է համարում, որ զինկոմիսարիատները բացի պահեստազորայինների ունեցած ցանկերից, նաև տվյալներ ունենային ՊԵԿ-ից, թե որ պահեստազորայինը ինչ գործունեություն է ծավալում և որտեղ ավելի օգտակար կլինի, այնինչ «զինկոմի համար կա ցուցակ և անուն, այլ ընկալում չկա»։

«Զինկոմը առաջադրանք է ստանում հավաքել իքս քանկի մարդ ու հավաքում է, առանց ֆիլտրի»- նշում է VMware Armenia-ի ղեկավարն ու շեշտում՝ ՏՏ ոլորտի փոքր ընկերություններում նույնիսկ երկու աշխատակցի բացակայությունը կարող է կազմալուծել դրանց աշխատանքը, ինչն իր հերթին կազդի ամբողջ տնտեսության վրա։ Իսկ խոշոր ընկերություններում տնօրենի կամ առանցքային այլ պաշտոնյաների զորահավաքը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ տնտեսության վրա։

VMware Armenia-ից, ըստ Նազարյանի, 14 տղա է զորակոչվել։ Նրանցից մեկի ոտքն անդամահատել են, մեկը վիրավոր է, մնացածն իրենց ծառայությունը շարունակում են Ճամբարակում։ Խնդիրները փորձում են լուծել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, սակայն ապարդյուն։ Նրա պնդմամբ՝ խոշոր ընկերությունների ներդրողները նման արտակարգ պայմաններում սկսում են մտածել հետագա ներդրումների նպատակահարմարության մասին, շատ դեպքերում հենց հայաստանյան մասնաճյուղերի ղեկավարներն են փորձում ներդրողներին համոզել շարունակել իրենց գործունեությունը Հայաստանում։

Այս միտքը հաստատում է նաև կենցաղային սպասարկման ծառայություններ կառավարող Service Titan ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը. «Երբ դեռ պատերազմը չկար, Էրդողանի ելութների հետ կապված ներդրողների մոտ հարցեր էր առաջանում՝ արդյոք արժե՞ Հայաստանում շարունակել գործունեություն, թե ոչ։ Խոշոր ընկերությունները քաղաքական վերլուծություններ էին անում, կանխատեսումներ տալիս, բայց մենք ամեն ինչ անում էինք համոզելու, որ՝ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի։ Հիմա փորձում ենք ներկայացնել, որ մեզ համար սա նորություն չէ, էլի ենք պատերազմել։ Իսրայելում, եթե դուք նորմալ եք ընդունում այդ վիճակը, փորձեք մեզ մոտ էլ ընդունել։ Բայց նույն մարդը տեսնում է, թե Իսրայելում որքան հարթ են լինում պրոցեսները»։

Նա վստահեցնում է՝ Service Titan-ը, որի գլխամասային գրասենյակը ԱՄՆ-ում է, ուներ բոլոր հնարավորությունները իր աշխատակիցներին այնպես ապահովագրել, որ ընկերության գործունեությունն ու ծրագրերը չխաթարվեին. «Որակյալ մասնագետ պատրաստելը տևում է տարիներ, այդ աշխատակիցը ինքը միլիոնավոր դրամների հարկ է տալիս։ Մինչ պատերազմն էլ կադրեր չէին ճարվում, PhD մասնագետին տանում են առաջնագիծ որպես թնդանոթի միս. ճի՞շտ է դա»,- հարց է բարձրացնում Տոնոյանը։

Նա համաձայն չէ, որ զորահավաքի հարցում ֆիլտրում իրականացնելը կարող է հանգեցնել ահավասարության, քանի որ այդ գործընթացը կարող է բերել մարդկային ռեսուրսի ավելի ճշգրիտ օգտագործման։ Ըստ Service Titan-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի՝ ՏՏ ընկերություններում այժմ ավելի շատ անորոշության մթնոլորտ է, երկրում կառավարման հետ կապված խնդիրները ազդել են նաև այս ոլորտի վրա, և եթե ևս որոշ ժամանակ անց խնդիրները չլուծվեն, ստիպված են լինելու մտածել ներդրումները կանգնեցնելու կամ Հայաստանից հեռանալու մասին։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել