Թուրք նախարարները Կիևում հանդիպել են Ղրիմի թաթարների ներկայացուցիչներին

Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Հուլուսի Աքարն ու Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինա կատարած այցի շրջանակում հանդիպում են ունեցել Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ։

Ըստ թուրքական «Անադոլու»-ի՝ Կիևում հանդիպմանը մասնակցել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Աբդուլջեմիլ Քիրիմօղլուն, Գերագույն ռադայի պատգամավորներ Ռուստամ Ումարովն ու Ահթեմ Չիյգեզը։ Ներկա է եղել նաև Ուկրաինայի փոխարտգործնախարար Ամինա Ջապարովան։

Օրերս Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրելու մասին, որով նախատեսվում է կորվետների (ռազմանավերի տեսակ) և հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրություն ուկրաինական բանակի համար։

Ինչպես նշել է գերատեսչությունը, կողմերը փաստել են, որ Կիևի և Անկարայի համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ։

2019-ին Կիևը գնել և փորձարկել է Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ-ներ․ գործարքի արժեքը, ոչ պաշտոնական տվյալներով, կազմել է 69 մլն դոլար։

Մեկնաբանել