Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում շրջափակված կամավորները Հայաստանում են․ «Իմ քայլի» պատգամավոր

Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են: Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլից» պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Նա նաև հայտնել է, որ կամավորների մեջ էին խոշորացված երկու համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական ղեկավարներ․ «Նրանք ամուր պահել են իրենց վստահված դիրքերը և զիջել դրանք միայն իրենց հերթափոխի հասած մեր եղբայրներին, իսկ կեսգիշերն անց, մեր կամավորներին կդիմավորենք արդեն Շիրակի մարզում։ Վստահ եմ` հետևողական աշխատանքներ են կատարվում մյուս խնդրահարույց դիրքերում առաջացած խնդիրների լուծման համար։

Ժողովուրդ ջան, հավատացեք, յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով արտակագ ռեժիմով անում ենք ամեն բան, որ մեր եղբայրները ողջ և առողջ, անփորձանք վերադառնան իրենց տաք օջախներ, իսկ մեր դիրքերը լինեն անառիկ։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանին, ովքեր վերջին 5 օրը ամենօրյա կապ հաստատելով իմ և կամավորների հետ, մանրամասն ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, իրենց մեծ դերակատարությունն ունեցան այս կարևորագույն գործում»,- գրել է Սարուխանյանը։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հայտնել է, որ Հայաստան վերադարձած կամավորները 72 հոգի են։

Մեկնաբանել