Հրաժեշտ Հադրութին. պատերազմական օրագրից

Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Ստեփանակերտն ու Շուշին ենթարկվեցին անասելի հրթիռակոծության: Չհավատաք որևէ մարդու՝ լինի լրագրող, զինվորական կամ շարքային քաղաքացի, ով կասի, թե ռմբակոծությունից կամ հրթիռահարությունից վախ չունի: Ծնկներդ են թուլանում ու այդպես թուլացած ծնկներով սպասում ես, թե երբ է գալու հաջորդ հրթիռը, որտեղ է խփելու, հետո հաջորդը… Տագնապի ազդանշանի միացումը նշանակում է, որ կամ անօդաչու թռչող սարք է մոտենում կամ ուր որ է սկսվելու է հրթիռակոծությունը:

Ես արդեն տեղափոխվել էի Շուշի՝ քաղաքի նույնանուն հյուրանոց, իսկ ՍիվիլՆեթի իմ գործընկերները՝ Անժելիկա Զաքարյանը, Անի Փայտյանը, Լևոն Արշակյանն ու Հակոբ Մանուկյանը տեղավորվել էին Ստեփանակերտի ֆիզմատ դպրոցի ներքնահարկում, որը կարել էր լյուքս ապաստարան համարել: Այնտեղ կար քնելու հարմարություն, ինտերնետ ու անգամ հրթիռակոծության պայմաններում հնարավոր էր մոնտաժել օրվա նկարահանումները և ուղարկել Երևան:

Առաջին օրերից էինք մենք մնում ֆիզմաթ դպրոցի հանրակացարանում: Մի քանի օր հետո, երբ սկսվեց Ստեփանակերտի ամենօրյա հրթիռակոծությունը, հանրակացարանում մնալը վտանգավոր էր, պետք էր իջնել ապաստարան:

Ֆիզմաթ դպրոցը հենց դիահերձարանի հարևանությամբ է: Ամեն անգամ անցնելիս տեսնում էինք ճակատից զոհվածներին տեղափոխող Ուազ ավտոմեքենաները: Դիահերձարանի հետևի կողմից զոհերին էին իջեցնում, իսկ առջևում կանգնած էին նրանց Հայաստան տեղափոխող մեքենաները՝ Սպայկայի երկար ֆուռերը: Ամեն առավոտ անցնում էինք պատերին հենած արյունոտ պատգարակների կողքով: Միջին հաշվով, հայկական կողմը տալիս էր օրական մինչև 100 զոհ:

Հոկտեմբերի 4-ից լրագրողների համար աշխատելը դարձավ շատ վտանգավոր՝ լինի Ստեփանակերտում կամ այլ բնակավայրում: Համեմատաբար ապահով էին Արցախի ներքին գյուղերը, որոնք հեռու էին առաջանագծերից:

Առաջին օրերին գրեթե բոլոր լրագրողները առավոտյան հավաքվում էին տեղեկատվական կենտրոնում, որտեղ առավոտյան և ուշ երեկոյան տեղի էին ունենում ասուլիսներ: Ապա նրանք ռեպորտաժներ պատրաստելու նպատակով մեկնում էին ճակատի հարավային, արևելյան կամ հյուսիս-արևելյան ուղղություն: Ճակատ ասվածը այս դեպքում հարաբերական է, քանի որ չէիր կարող հասնել առաջնագիծ առնվազն երկու պատճառով. առաջին՝ չափազանց վտանգավոր էր կյանքի համար, երկրորդ՝ պետք է ունենայիր թույլտվություն: Առաջնագծում հայտնվելու համար չվախենալը դեռ բավարար պայման չէր: Պետք է քեզ տանեին:

Առավոտյան ասուլիսից և ուղղություններ մեկնելուց առաջ մենք ճաշում էինք Ստեփանակերտում բացված արագ սննդի կետում: Ազատամարտիկների փողոցի անկյունում գտնվող անվճար ճաշարանը աշխատում էր 12 ժամ: Այստեղ ոչ միայն ճաշելու համար էինք հավաքվում, այլ տեղեկություններ փոխանակելու:

Հոկտեմբերի 5-ի առավոտյան Շուշիից զանգահարեցի, և Հակոբի ու Անիի հետ պայմանավորվեցինք, որ մեկնում ենք Գորիս, որոշ ժամանակ հանգիստ առնում ու կրկին վերադառնում Արցախ: Անդադար ու անկանոն հրթիռակոծության տակ աշխատող լրագրողները միայն կարող են ապրել մեր հոգեվիճակը: Պատերազմը, վիրավորները, զոհերը, հրթիռների ու ռումբերի ձայնը, օդային տագնապի ազդանշանը և առաջնագծից ստացվող մտահոգիչ տեղեկությունները խանգարել էին մեր նյարդային համակարգը:

Մեկ օր անց Գորիսում մեզ միացան ՍիվիլՆեթի տնօրեն Աբո Պողիկյանն ու օպերատոր Գևորգ Հարոյանը:

Նախօրեին ես գիշերել էի Շուշիում և Քարինտակում: Երեկոյան 11-ից հետո սկսվեց ուժեղ հրթիռակոծություն: Երբ այն դադարեց, կարողաց քուն մտնել և արթնացա 2-ի կողմերը էլ ավելի ուժեղ հրետակոծությունից: Անմիջապես հավաքեցի իրերս, նստեցի Ջիփը և իջա Քարինտակ ու փորձեցի գիշերվա մնացած մասն անց կացնել գյուղում՝ մեքենայի մեջ, քանի որ ավելի ապահով էր:

Հիմա, երբ իմ նոթատետրին նայելով գրում եմ այս տողերը, կարծես երազում լինեմ: Շուշի, Ղազանչեցոց… մերը չէ այլևս: Քարինտակ… մերը չէ այլևս: Ես հենց հիմա մտովի քայլում եմ Քարինտակի հողե նեղ փողոցներով, հարցուփորձ անում մարդկանց: Ես ու Հակոբը այս գյուղի մասին ռեպորտաժ էինք պատրաստել հոկտեմբերի առաջին օրերին և վերնագրել՝ «Քարինտակ. քարի պես ամուր»:

Նոյեմբերի առաջին օրերին ադրբեջանցիները մոտեցան գյուղին և հարվածներ հասցրեցին, զոհվածների մեջ էր գյուղապետ Մխիթար Առուշանյանը, որը 1992-ին ադրբեջանցիների կողմից թողնված զրահամեքենայի վրա նստած մեզ պատմում էր, թե ինչպես է հակառակորդը ջարդվել այստեղ և թե որքան հպարտ է, որ իր հայրը եղել է գյուղի պաշտպաններից ու զոհվել հանուն հայրենիքի:

Մխիթարը ուզում էր մեզ հյուրասիրել, գոնե՝ սուրճ: Ասացինք, որ ժամանակ չունենք, մյուս անգամ երբ գանք, անպայման կհանդիպենք:

Հոկտեմբերի 7-ին, չորեքշաբթի, Աբոյին, Գևորգին և Հակոբին միացա Եղցահողի մոտ՝ Շուշիի շրջանի Բերդաձորի տարածքում: Մենք որոշել էինք օրն անց կացնել Հադրութի շրջանում:

Նախօրեին տեղեկություն ունեի, որ Հադրութի հոսպիտալը տեղափոխել են Տող: Ի՞նչ է սա նշանակում: Պարզ բան՝ մեր զորքերը նահանջում են: Երբ հասանք Հադրութի բարձունք, որտեղ եռագույն քարն է և որտեղից հրաշալի տեսարան է բացվում, պատերազմի ձայնը շատ մոտ տարածությունից էր լսվում: Քաղաք իջնելն արդեն դարձել էր վտանգավոր, քանի որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը Ջերբայիլից շրջանցիկ ճանապարհով՝ Առաքել-Սարինշեն-Թաղասեռ, մոտեցել էին:

Կարմիր Շուկա-Հադրութ ճանապարհին մեզ հանդիպել էին ճամփեզրին քայլող տասնյակ կամավորականներ: Զգացվում էր, որ կա ամենաթողություն: Բայց այդ օրերին, հատկապես երբ Երևանը հաղորդում էր սպասվող հաղթանակների, հակառակորդին ջախջախելու մասին, ուղղակի հակացուցված էր դասալքության ու ամենաթողության մասին գրելը: Դա թույլ չէին տալիս ռազմական դրությունն ու հաղթանակի սպասումով ապրող հայրենակիցներդ: Որոշ տեղերում նկատելի էին հրետանու վերադասավորումներ: Սա ևս խոսում էր այն մասին, որ հարավային ուղղությամբ մերոնք նահանջում են: Եթե հանդիպում ես հրետանի, ուրեմն 20-25 կիլոմետրի վրա հակառակորդն է:

Պաշտոնապես հայկական բանակը ցավալի հարվածներ էր հասցնում հակառակորդին, նրան հետ շպրտում ելման դիրքեր: Դա իրական պատկերը չէր, թեև պետք է նշենք, որ մինչև հոկտեմբերի 4-ը, այն է՝ պատերազմի առաջին շաբաթը, ադրբեջանական բանակը հարավային ուղղությամբ՝ Հորադիսքենդից մինչև Ջեբրայիլ, կարողացել էր շփման գծից առաջ գալ 7-8 կիլոմետր միայն՝ տալով մարդկային մեծ կորուստներ: Առաջնագիծ չկար արդեն, բայց չի կարելի ասել, որ հարավային ուղղությունը ամբողջությամբ քանդված էր:

Այն քանդվեց հոկտեմբերի 5-ից հետո և հատկապես հոկտեմբերի 10-11-ին, երբ հայկական կողմը փորձեց հարված հասցնել Ջերբայիլի ուղղությամբ: Պատերազմի 44 օրերին դա հայկական կողմի ամենաձախողված գործողություններից էր, որին զոհ գնաց և վիրավորվեց մինչև 3000 մարդ:

Մի քանի րոպե նայեցինք դեպի ներքև: Ով կմտածեր, որ դա մեր վերջին հայացն էր դեպի Հադրութ: Հետ դարձանք և կանգ առանք Տող գյուղում: Շատ քիչ մարդ էր մնացել Տողում: Մի մասը դիրքերում էր, մյուս մասը հեռացել էր Հայաստան: Զրուցեցինք ապաստարանի կանանց, փողոցում մի քանի տղամարդու հետ:

Տողից շարժվեցինք դեպի Մեծ Թաղեր: Սա Արցախի ամենագեղեցիկ և խնամված գյուղերից է: Այստեղ ապաստանել էին առաջնագծին մոտ գտնվող մի քանի գյուղերի բնակիչներ: Գյուղի կանայք օրական մինչև 500 հատ հաց էին թխում առաջնագծում կռվող տղաների համար: Աբոն զրուցեց իր հին ծանոթների հետ, միասին հաց ու պանիր կերանք ու կարմիր գինի խմեցինք: Այդ ընթացքում մեր գլխավերևում անդադար բզզում էին հակառակորդի անօդաչու թռչող սարքեր, որոնք, ամպամածության պատճառով, տեսանելի չէին:

Թոնրի շուրջը կանգնած, վառվող երեսներով հաց թխող կանայք աչքիս առաջ են: Ու հիմա, հավատս չի գալիս, որ մենք կորցրել ենք Հադրութի ամբողջ շրջանը: Չէի՞նք կարող արդյոք հակառակորդին կանգնեցնել հենց Հադրութում: Փաստն այն է, որ չկարողացանք: Ինչո՞ւ չկարողացանք, այլ հարց է:

Հադրութից պատերազմական հիշողություններս տխուր են ու ճնշող: Մեկ շաբաթ առաջ էինք եղել Հադրութում, նկարել հոսպիտալն ու տասնյակ վիրավորների, նկարել 81-ամյա մի պապիկի, որը կնոջը կորցրել էր ռմբակոծության հետևանքով: Կնոջը հողին հանձնելուց հետո նա մենակ էր մնացել: Տան բանկում զրուցելուց հետո նա առաջարկեց բարձրանալ երկրորդ հարկ: Հրետակոծությունից տունը վնասվել էր: Հետևեցի ծերունուն: Նա անպայման ուզում էր ինձ ցույց տալ երիտասարդ որդու նկարը, ով զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում:

Որտե՞ղ է հիմա այս պապիկը, ուր են գնացել վառվող երեսներով հաց թխող կանայք:

Երեկոյան կողմ վերադարձանք Գորիս, իսկ հաջորդ օրը՝ հինգշաբթի, հոկտեմբերի 8-ին, նախաճաշից հետո Աբոյի և Գևորգի հետ կրկին ուղևորվեցինք Արցախ: Աշնանային ջերմ, արևոտ եղանակ էր: Նախ մտանք Շուշի, նկարեցինք Մշակութային կենտրոնը և ավերված այլ շենքեր:

Ապա իջանք Ստեփանակերտ՝ նկարելու նախօրեի հրթիռակոծության հետևանքները: Հազիվ սկսել էինք նկարահանումները, երբ լսվեց առաջին հրթիռի հարվածը: Որտեղ խփեց՝ չգիտեինք: Որոշեցինք շտապ դուրս գալ քաղաքից և բարձրանալ Շուշի: Ոլորաններից մեկի մոտ կանգնած նայում էինք դեպի Ստեփանակերտ, երբ հարևանությամբ կանգնեց մի մեքենա: Վարորդն ասաց, որ հենց նոր հարվածել են Ղազանչեցող Ամենափրկիչ եկեղեցուն:

Երբ հասանք եկեղեցու մոտ, այնտեղ էին մի քանի հայ և օտար լրագրողներ: Հարվածը նոր էր հասցվել: Մի քանի րոպե նկարելուց հետո շտապեցինք դուրս գալ քաղաքից: Կասկած չունեի, որ նոր հարված են հասցնելու այս կամ Շուշիի մյուս եկեղեցուն՝ Կանաչ ժամին:

Ահավոր լարված էի, մեջս տագնապ կար ու նյարդայնություն, որից չէի կարողանում ազատվել և դա խանգարում էր աշխատել: Երբ հասանք Գորիս, Գևորգը և Հակոբը սկսեցին մոնտաժել օրվա նկարահանումները: Մթնելուն մի քանի ժամ կար, և ես ու Աբոն որոշեցինք այցելել Գորիսի շրջանի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար գյուղերը:

Մեկը մյուսից տարբեր, ինքնատիպ գյուղեր են: Կանգ առանք Խնածախի բարձունքում, նստեցինք մի քիչ և հիանում էինք ավանդական հայ գյուղի պատկերով: Հեռվից լսվեց խորը պայթյունի ձայն: Ադրբեջանցիները երկրորդ հարվածն էին հասցրել Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչին:

Ճանապարհը շարունակեցինք դեպի Վաղատուր և Խոզնավար: Հիմա այս գյուղերը դարձել են սահմանային, քանի որ նոյեմբերի 10-ի պայմանագրով Հայաստանը հեռացել է Քաշաթաղի շրջանից: Խոզնավարում կարճ զրուցեցինք գյուղացիների հետ, ապա վերադարձանք Գորիս, բայց լեռնային ճանապարհով՝ Ակներով և Վերինշենով:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել