Սահմանազատում Հայաստանի և Ադրբեջանի միջև․ վիճելի և տարակուսելի մի շարք հարցեր

Վերջին երկու օրերին Հայաստանում քննարկվող թիվ մեկ խնդիրը Սյունիքում փաստացի իրականացվող սահմանազատման աշխատանքներն են։ Չնայած նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան ստորագրված եռակողմ հայտարարության մեջ որևէ բան ասված ասված չէ ոչ Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանազատման գործընթաց իրականացնելու, ոչ էլ նախկին Խորհրդային Ադրբեջանի Զանգելանի և Կուբաթլուի շրջաններից հայկական զորքերի դուրս բերման մասին, սակայն Հայաստանի իշխանությունները գտնում են, որ Ադրբեջանի հետ սահմանզատումը բխում է այդ հայտարարության տրամաբանությունից։

Այս իրավիճակը մի շարք հարցեր է ծնում, որոնք չունեն հստակ պատասխաններ։ Նախ անհրաժեշտ է ֆիքսել, որ սահմանազատումը բավականաչափ բարդ գործընթաց է, և հաճախ տարիների տքնաջան աշխատանք է պահանջում նույնիսկ ռազմավարական գործընկերություն ունեցող պետությունների պարագայում։ Որպես օրինակ կարելի է նշել Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք մինչ օրս չեն կարողացել ավարտին հասցնել իրենց սահմանների ճշտման աշխատանքները։ Բացի այդ, սովորաբար սահմանազատումն իրականացվում է միջգերատեսչական հանձնաժողովների կազմման, դրանց միջև քննարկումների կազմակերպման և միայն դրանից հետո կոնկրետ որոշումների ընդունման և իրականացման ճանապարհով։ Մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ և չձևավորելով համապատասխան հանձնաժողովներ, փաստացի ձեռնամուխ են եղել սահմանազատման աշխատանքների իրականացմանը։ Ամենայն հավանականությամբ, սահմանազատման համար հիմք են ընդունվում Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին հրապարակված քարտեզները, որտեղ նշված են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները, իսկ «գետնի վրա» դրանք ճշտվում են GPS համակարգի միջոցով։

Վիճելի է գործընթացի առնվազն իրավական կողմը․ առայժմ չի հրապարակվել որևէ փաստաթուղթ՝ կառավարության որոշում, վարչապետի որոշում և այլն, որոնց հիման վրա իրականացվում են այս աշխատանքները։ Կարելի է միայն ենթադրել, որ դրանց վերաբերյալ առկա է բանավոր պայմանավորվածություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, ինչն էլ հիմք է հանդիսացել աշխատանքների իրականացման մեկնարկի և ՀՀ զինված ուժերի՝ զբաղեցրած դիրքերից հեռանալու որոշման համար։ Ընդ որում, հայտնի չէ՝ արդյոք այդ բանավոր պայմանավորվածությունը վերաբերում է միայն հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածին, թե մոտ ապագայում առանց որևէ փաստաթղթի սահմանազատման աշխատանքներ են իրականացվելու նաև սահմանամերձ այլ մարզերում՝ Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Տավուշ։

Հասկանալի է, որ սահմանազատման ներկա գործընթացը լուրջ անվտանգային ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների համար։ Չկան երաշխիքներ, որ ընդհուպ մոտենալով մի շարք հայկական բնակավայրերի՝ ադրբեջանական կողմը կարճ ժամանակ անց ձեռնամուխ չի լինի սադրանքների կազմակերպմանը՝ փորձելով պայմաններ ստեղծել այդ բնակավայրերց բնակչության արտագաղթի համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման վերաբերյալ, սակայն դա ևս չի կարող համարվել անվտանգության աներկբա երաշխիք։ Նախ, դժվար թե ռուս սահմանապահները հսկեն սահմանի ամբողջ հատվածը։ Բացի այդ, հենց Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու նպատակով Ադրբեջանը սեփական որոշմամբ կամ այլ պետությունների դրդմամբ կարող է սադրանքներ իրականացնել՝ խուսափելով ռուս զինվորներին ուղղակի վնասելուց։

Սահմանազատման աշխարհաքաղաքական կողմը

Բացի տեղական մակարդակից՝ այս գործընթացն ունի նաև աշխարհաքաղաքական կողմ։ Նախ, ակնհայտ է, որ Հայաստանն աստիճանաբար դադարում է տարածաշրջանում սուբյեկտ լինելուց և պետական մի շարք գործառույթներ փոխանցել է Ռուսաստանին։ Դրա մասին է վկայում նաև դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Բորտնիկովի կարճատև այցը Հայաստան և Ադրբեջան, որի հիմնական նպատակը սահմանազատումների խնդիրն էր։ Փաստորեն, Հայաստանի սահմանների ֆիքսման գործառույթը կամ առնվազն դրա մի մասը Հայաստանը պատվիրակել է Ռուսաստանին, և մեր սահմանների սահմանազատման գործընթացում մեզնից ավելի մեծ դեր ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը և չի բացառվում՝ Թուրքիան։

Այս իրավիճակը պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայի հետևանքն է։ Պարզ է, որ կապիտուլյացիայի ենթարկված պետության հետ անում են այն, ինչ ուզում են, իսկ մեզ մնում է միայն համակերպվել առաջարկվող ցանկացած պայմանի հետ։ Շուշիի գրավումից և այնտեղ թուրք-ադրբեջանական դրոոշների ծածանումից հետո Գորիս-Կապան մայրուղու ինչ-որ հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելը միանգամայն սպասելի իրավիճակ է, ու թերևս չպետք է մեծ ջղաձգումներ առաջացնի։

Նաև հասկանալի է, որ չնայած Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ ընթացող Արցախյան երկրորդ պատերազմը չէր կարող սկսվել առանց Ռուսաստանի «լուռ համաձայնության», դա չի նշանակում, որ Ռուսաստանը հաշտվելու է Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության էական մեծացման հետ։ Մոսկվայի համար նվազագույն խնդիրն այդ ազդեցության հետագա աճի կանխումն է, իսկ առավելագույն նպատակը Թուրքիային Ադրբեջանից դուրս շպրտելը։ Դրան հասելու համար Կրեմլին պետք է նախևառաջ գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի քաղաքական վերնախավի հետ՝ Ադրբեջանը նախ Եվրասիական տնտեսական միություն, իսկ հետագայում Ռուսաստանի գլխավորությամբ հետխորհրդային մի շարք  պետությունների միջև ստեղծվելիք հնարավոր համադաշնության մեջ ներգրավելու համար։ Իրենց հերթին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ամեն ինչ անելու են Թուրքիայի դերը Ադրբեջանում ամրապնդելու համար՝ հետագայում դեպի Հյուսիսային Կովկաս, Իրանի ադրբեջանաբնակ տարածքներ և Կենտրոնական Ասիա Թուրքիայի էքսպանսիան ապահովելու նպատակով։

Միջնաժամկետ հեռանկարում (մինչև հինգ տարի) Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն բերելու առումով Ռուսաստանի համար առաջնային նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, և պատահական չէ, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է սահմանազատման գործընթացն արագ ավարտելու, իսկ հետագայում նաև երկու պետությունների միջև սահմանների բացման և տնտեսական կապերի հաստատման նպատակով։

Այս պայմաններում Հայաստանը ունի երկու ելք՝ կամ չեղարկել նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետագա իրականացումը և նախապատրաստվել շատ ավելի լայնածավալ և դժվար կանխատեսելի հետևանքներով պատերազմի, կամ պարզապես հետևել, թե ինչպես են Ռուսաստանը, Ադրբեջանը և մասամբ նաև Թուրքիան որոշելու իր սահմանները՝ հուսալով, որ Մոսկվան Ադրբեջանին չի հանձնի ինչպես ռուսական պրոտեկտորատի վերածված Արցախի մնացորդները, այնպես էլ Սյունիքի մարզի որոշ հատվածներ։

Տե՛ս նաև՝