Չքվեարկել ՀՀԿ-ի և նրա «կույրաղիք ՕԵԿ-ի օգտին»

Հայ ազգային կոնգրեսը երեկ ընտրողների հետ հանդիպումներ է անցկացրել Կոտայքի մարզում: Եղվարդում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին կոչ է արել քվեարկել ցանկացած քաղաքական ուժի օգտին՝ բացի Հանրապետականից և «նրա կույրաղիքը հանդիսացող «Օրինաց երկրից»»:

Նա ասել է, թե ինքը համաձայն է, որ երկիրը ղեկավարեն Դաշնակցությունը, կոմունիստները, «բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպիսին է իշխող կուսակցությունը»:

Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ՀԱԿ-ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարաբերություններին: Նա հայտարարել է, որ ««Բարգավաճ Հայաստան»-ը դադարել է լինել Սերժ Սարգսյանի կցորդը և փորձում է անկախ քաղաքական ուժ դառնալ, ուստի հնարավորություն կա ապագայում ունենալ ավելի քաղաքակիրթ խորհրդարան, որը կարող է հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը»:

Աբովյան քաղաքում կայացած հանդիպմանը Տեր-Պետրոսյանը ներկայացրել է միակողմանի պարտավորությունների ցուցակ, որով ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրություններին (yerkirmedia.am): Մասնավորապես՝ ՀԱԿ-ը խոստանում է հակաքարոզչությամբ չզբաղվել ընտրությունների վերահսկման միասնական շտաբի գործընկերների նկատմամբ: Նա նշել է, որ իրենք քաղաքական այս ուժերի ներկայացուցիչների հետ միևնույն ընտրատեղամասում առաջադրվելու դեպքում փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության և արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով են առաջնորդվելու:

«Ընտրությունից ընտրություն 5 կամ 10 հազար դրամ են բաժանում: Էդ տվեցին, բայց 4-5 տարվա իրենց իշխանության ընթացքում ձեզանից յուրաքանչյուրից կորզում են 10 հազար դոլար: Սա զուտ թվեր չեն, իրականություն է: Իմացեք, որ երբ գալիս են ձեզ 5 կամ 10 հազար դրամ տալու, միանգամից 10 հազար դոլար պահանջեք»,– ասել է  Տեր-Պետրոսյանը: