Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը կապահովեն հայ և ռուս սահմանապահները․ Փաշինյան

Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը և անցանելիությունը ապահովելու են հայ և ռուս սահմանապահները։ Այս մասին դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզ այցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այնպես է ստացվել, որ հիմա Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանի երկայնքով ենք աշխատում, և այդ ճանապարհը սահմանի պռնկով է անցնում, հիմա մեր սահամանապահներն են տեղակայվում այնտեղ, նաև ռուս սահմանապահներն են պարեկելու և ապահովելու են, որ ճանապարհը անցանելի և անվտանգ լինի։ Դա արվում է նրա համար, որ անվտանգությունը ապահովվի, նոր կոնֆլիկտ չբորբոքվի, մինչև իրավիճակը կայունանա․ առանձին դեպքեր, միջադեպեր կլինեն, որոնք արդեն հետագա աշխատանքի ընթացքում կկարգավորվեն, ամենակարևորմ այն է, որ մենք ամեն առանձին դեպքից խուճապի չմատնվենք և իրավիճակը կայունացնենք», –  քաղաքացիներից մեկի՝ Սյունիքի անվտանգության մասին հարցին ի պատասխան ասաց վարչապետը։ 

Նրա խոսքով՝ Սյունիքի անվտանգության համար հավելյալ երաշխիքներ կստեղծվեն։ 

«Կան սահմանի որոշակի կետեր, դա դեռ  չի նշանակում, որ սահմանները դելիմիտացիա եղան, դեմարկացիա եղան, բայց կան որոշակի կետեր, և այդ կետերի շուրջ մեր սահմանապահներն են տեղեկայվում, որպես հավելյալ երաշխիք ռուսական սահմանապահ զորքերի ուժերն են տեղակայվում։ Մեր խնդիրը հետևյալն է․ բարդ իրավիճակը չներկայացնենք եռակի, քառակի ավելի բարդ, քան կա։ Շատ հարցեր կան, որ պետք է պատասխանենք, խնդրում եմ հնարավորություն տալ, որ հերթով պատասխանենք, լուծենք այդ խնդիրները»,- նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին ընդառաջ սյունեցիները ճանապարհի որոշ հատվածներում բողոքի ակցիա են իրականացնում։