Հայաստանի երկու ընդդիմությունն ու փոփոխությունների հեռանկարները

Քաղաքական խորհրդատու և մեկնաբան Էրիկ Հակոբյանն անդրադառնում է Հայաստանի քաղաքական և համակարգային խնդիրներին, խոսում ռազմագերիների խնդրի, պատերազմական ճշմարտության հանձնաժողովի ստեղծման, վարչապետի հնարավոր հրաժարականի և Հայաստանի քաղաքացիական ծառայության մասին:

– Հայաստանը խորհրդարանական երկիր է։ Կարո՞ղ եք բացատրել՝ ներկայիս քաղաքական ճգնաժամն ի՞նչ կապ ունի այդ փաստի հետ։

– Հայաստանը նախագահական երկիր էր՝ մինչ 2015 թ. դեկտեմբերի սահմանադրական փոփոխությունը, որի արդյունքում երկիրը դարձավ խորհրդարանական։ Նախագծված խորհրդարանական համակարգը շատ մոտ է բրիտանական մոդելին, որտեղ եթե խորհրդարանում ունենաս 50 + 1 տեղ, փաստացի կլինի հնգամյա բռնապետություն, ժողովրդավարական բռնապետություն, որտեղ կարող ես անել՝ ինչ ուզում ես, եթե ունես այդ մանդատը։ Նման իրավիճակում ենք մենք հիմա։ 

Որքան էլ հեգնական է, 2015-ին ներկայիս քաղաքական ուժերը ճամբարի հակառակ կողմերում էին։ Այժմ փողոց ելած մարդիկ, ովքեր պահանջում են Փաշինյանի հրաժարականը, հենց այն մարդիկ են, որոնք առաջ էին տանում սահմանադրական փոփոխությունները, իսկ ներկա իշխանությունները դա համարում էին կեղծ օրակարգ։ 2015-ին նախնական մտադրությունն այն էր, որ Սերժ Սարգսյանին թույլ տրվեր իշխանավարել իր երկու ժամկետները՝ որպես նախագահ, ապա ևս հինգ տարի՝ որպես վարչապետ՝ ավելի լայն լիազորություններով, քան իր նախագահության ժամանակ։ Սակայն դա լրիվ հակառակ հետևանքներն ունեցավ, և այդ պաշտոնում հայտնվեց անձ, որին նրանք ամենաքիչը կուզեին տեսնել։ Եվ այդ անձը ստացավ բոլոր այն լայն լիազորությունները, որ Սարգսյանը նախատեսել էր ինքն իր համար։ 

Ուստի, մեր ունեցած համակարգը փոփոխության ենթակա չէ, եթե չլինի զանգվածային հանրային շարժում, այդ կուսակցությունը պատճառ չունի վայր դնել լիազորությունները։ Իրավական տեսանյունից այն ունի հնգամյա մանդատը։ Կուսակցությունն ինքը կարող է փոխել իր ղեկավարությանը և հայտարարել նոր ընտրությունների անցկացման մասին, ինչի կարիքը, ըստ իս, մենք ունենք մոտ ապագայում։ Սակայն, իրավական տեսանկյունից, նրանք ունեն հնգամյա մանդատ, և ելնելով նրանից, թե ինչպես է գրված սահմանադրությունը, ոչ ոք առանձնապես ոչինչ չի կարող անել այդ հարցում։ 

– Ոմանք կարծում են, որ Հայաստանում պետական բյուրոկրատիան աշխատատեղեր ապահովող սխեմա է և առանձնապես հակված չէ արձագանքել նոր հանրային պահանջներին։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպես է աշխատում համակարգը։ 

– Այն պետական ապարատը, որը մեծամասամբ ապաշնորհ է, հիմնականում ձևավորվել է որպես քաղաքական մեքենա, հատկապես նախկին վարչակարգի իշխանության օրոք։ Եվ ըստ էության այնտեղ մարդիկ են, որոնք ցածր աշխատավարձ են ստանում և որոնց վրա կարելի է անհրաժեշտության դեպքում հենվել՝ աջակցություն և քվեներ ստանալու քարոզարշավի և ընտրությունների ժամանակ։ Դա նման է ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում գործող քաղաքական երբեմնի մեքենային։ Պետական ապարատը արդյունավետ չէ և պետության արդյունավետ աշխատանքին չի նպաստում։

Սա քաղաքական մեքենայի հիմքն է․ հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնք դժգոհ չեն իրենց ցածր կամ միջին, սակայն կայուն աշխատավարձերից, և պետության համար նրանց արածն հիմնականում աննշան է։ Սա նաև միջոցների սխալ բաշխում է։ 

Նախքան կորոնավիուսը՝ մասնավոր ոլորտում աշխատուժի պակաս կար։ Փոքր գործարարները բողոքում էին աշխատակիցների պակասից, չէին կարողանում աշխատողներ գտնել։ Կարծում եմ՝ դա ստեղծում է սխալ բաշխում տնտեսության և աշխատաշուկայի մեջ, և այն չի նպաստում երկրի երկարաժամկետ կտրվածքով զարգացմանը։

Այդ համակարգը՝ հայկական քաղծառայողների բյուրոկրատական համակարգը և այն բյուրոկրատական ոճը, որով գործում է այդ համակարգը, նպաստում է որոշ անհատների,- որոնք շատերի կարծիքով ապաշնորհ են,- իրենց պաշտոնը ամուր պահելուն։ 

Ինչպես ես եմ հասկանում, Հայաստանում քաղծառայողների համակարգը ստեղծված է ֆրանսիական մոդելի հիման վրա է, որն ունի քաղծառայողների շատ ուժեղ պաշտպանություն։ Հայկական բյուրոկրատիայում գրեթե անհնար է աշխատանքից հեռացնել ապաշնորհ անձի, նրանք ունեն աբսուրդի հասնող աշխատանքային իրավունքների քանակ։ Դա մի կողմից լավ է՝ բնականաբար, մարդկանց չի կարելի աշխատանքից հեռացնել զուտ քաղաքական հայացքների համար, և ցանկալի է ունենալ աշխատանքային իրավունքների պաշտպանություն։ Բայց եթե ունենալու ես քաղծառայողների ֆրանսիական ոճի պաշտպանություն, ցանկալի է, որ քո բյուրոկրատիայում ունենաս ֆրանսիական արդյունավետություն, որին մենք նույնիսկ մոտ չենք։ 

Համակարգը խոչընդոտում է, որ ավելի խելացի, երիտասարդ ու շնորհալի մարդիկ զբաղեցնեն այդ պաշտոնները։

– Ի՞նչ է պետք՝ դա փոխելու համար։

– Կարծում եմ՝ դրա դեմ շատ մեծ հակազդեցություն կլինի։ Հիշեք՝ մարդկանց մի ստվար զանգված աշխատում է պետության համար, ու ցանկացած նման բարեփոխում վտանգավոր է իշխանության գլուխ կանգնած ուժի համար։ Բայց նման բան անհրաժեշտ է, և անելու տարբերակներից մեկը, որը արվել է այլ վայրերում, մարդկանց վաղ թոշակի ուղարկելն է։ Օրինակ, մոտ հիսուն տարեկանից մարդկանց առաջարկում ես թոշակի անցնել և այդ կերպ նոսրացնում ես բյուրոկրատիայի շարքերը՝ բերելով նոր ու ավելի երիտասարդ դեմքերի, որոնք ավելի ֆունկցիոնալ են պետական ապարատում։ 

– Կցանկանայի խոսել ճշմարտության պատերազմական հանձնաժողով ստեղծելու մասին։ Ի՞նչ կառուցվածք պետք է այն ունենա, և ի՞նչ իրավական դրույթներ կան, որոնց պետք է հետևել։ 

– Հստակ տեղյակ չեմ իրավական դրույթներից, դրա համար պետք է լինել սահմանադրագետ։ Այնուամենայնիվ, դա անելու երկու ուղի կա, և այս հարցը զերծ չէ քաղաքականությունից։ Խորհրդարանում կա Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը, որը զբաղվում է այդ ոլորտով։ Նրանք են իրավասու անելու դա։ 2016-ի Ապրիլյան պատերազմի մասին նրանց հաշվետվության մասին հայտարարվեց այս պատերազմի բռնկումից մեկ-երկու շաբաթ առաջ։ Սա ի ցույց է դնում, թե որքան ոչ արդյունավետ և անհեթեթ է այս համակարգը։ 

 Ցավոք, պետական հատվածի կողմից եկող ոչինչ չեմ տեսնում, որը կվայելի ժողովրդի վստահությունն ու հավատը։ Հանձնաժողովը պետք է պետության մանդատը ստանա, բայց լինի անկախ և, ամենակարևորը, առաջարկի բարեփոխումներ։ Եթե այն խորհրդարանից լինի, մարդկանց մեծ մասը հավանաբար դրան չի վստահի։ Եթե ռազմական ոլորտից լինի, բոլորովին չի վստահի։ Անհրաժեշտ է անկախ կոմիտե, որը իրավունք ունի քննել անխտիր բոլորին և ամեն ինչ, և արագ առաջարկներ ներկայացնի՝ ինչպես բարեփոխել ռազմական ոլորտը, որովհետև վստահ եմ՝ ռազմական ոլորտի բարեփոխումը առանցքային է պետության բարեփոխման հարցում։ Դա առաջին քայլն է։

– Անցյալ հանգստյան օրերին խոսակցություններ կային, որ վարչապետը երկուշաբթի հրաժարական է տալու։ Երկուշաբթին եկավ, Փաշինյանը հրաժարական չտվեց։ 

– Հետևում էի այդ ամենին, այդ ուշ գիշերվա հաղորդագրություններին այստեղ-այնտեղ հանդիպումների մասին։ Խնդիրը հետևյալն է։ Կարծում եմ՝ վարչապետը պատրաստ կլինի հրաժարական տալ, բայց դա պետք է պահանջեն ճիշտ մարդիկ։ Ընդհանուր առմամբ, մարդկանց երկու տեսակ կա, որ դեմ են վարչապետին։ Կան մարդիկ, որ դեմ են նրան՝ բոլոր ճիշտ պատճառներով, որը տեսնում են պատերազմ վարելու անկարողության, առաջնորդության պակասի և պատերազմի ընթացքում սխալների մեջ, և սրանք լիովին լեգիտիմ հարցեր են։ 

Եվ կան մարդիկ, որոնք նրան դեմ են՝ բոլոր սխալ պատճառներով։ Նրանք հիմնականում տասնյոթ կուսակցությունն են ու փողոց ելած մարդիկ, որոնք իհարկե կասեն՝ դեմ են վարչապետին պատերազմում անկարողության համար։ Բայց իրականում այդպես չէ։ Նրանք դեմ են պատերազմից առաջ արված բարեփոխումներին՝ օլիգարխների իշխանության սահմանափակմանը,  հարկահավաքության բարելավմանը։ Նրանք ատում են Փաշինյանին՝ նրա արած բոլոր լավ բաների համար։ 

Ուստի ունենք այս դիխոտոմիան։ Բայց իմանալով Փաշինյանին, և թե ում է նա հակակրում, Փաշինյանը հրաժարական չի տա, որովհետև փողոց ելած մի քանի հազար մարդիկ անցյալում հեղինակազրկված մարդկանց հետ են։ Նման բան տեղի չի ունենա։ Հատկապես, հաշվի առնելով մեր ունեցած կառուցվածքային համակարգը, դա երբեք նրան չի ստիպի հրաժարական տալ։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի