Հայաստանը վերադարձավ 1991 թվական

1991 թվականի այս օրերին Խորհրդային Միությունը ապրում էր հոգեվարքի վերջին օրերը, իսկ կայսրության փլուզման հետևանքով անկախություն ձեռք բերած հանրապետությունները բռնել էին անկախության ճանապարհը: Արցախում տեղակայված խորհրդային զորքերը այս օրերին հեռանում էին տուն: Նրանք հայերի ու ադրբեջանցիների միջև պատերազմը զսպելու վերջին արգելքն էին:

Պատերազմի արդյունքում 1994-ի մայիսին ունեցանք անժամկետ զինադադար, որը բազմաթիվ խախտումներով պահվեց մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը: Այդ օրը Ադրբեջանը Թուրքիայի և ջիհադական խմբերի աջակցությամբ սկսեց պատերազմ և 44 օրերի ընթացքում Հայաստանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանին, պարտադրեց ստորագրել մի փաստաթուղթ, որով ստացավ ոչ միայն այն, ինչ կորցրել էր նախորդ պատերազմի 1 000 օրերի ընթացքում, այլև ավելին: 1994-ից ի վեր Ադրբեջանը Հայաստանից խնդրում էր վեց շրջան, պատրաստ էր համակերպվել Արցախի ու Լաչինի կորստի հետ, բայց պատրաստ չէր թուղթ ստորագրել, որն ընդունում է այդ կորուստը: 

Հայաստանը մերժեց դա և վերջին 100 տարվա ընթացքում երկրորդ անգամ ենթարկվեց կապիտուլյացիայի:

Պատճառները բազմաթիվ են, բայց առաջին հերթին սխալները մեր մեջ պետք է փնտրենք: Մեր պատմության վերջին 100 տարիների ընթացքում մենք երեք ճակատագրական սխալ ենք գործել: Երեք դեպքում էլ մենք մեր ուժերը ճիշտ չենք գնահատել, իսկ հակառակորդին թերագնահատել ենք և հույսներս դրել երրորդ ուժի վրա: Երեք դեպքում էլ մեր տունը քանդողը եղել է մանկամիտ առավելապաշտությունը՝ մեծ, շատ մեծ, ավելի մեծ Հայաստան ունենալու երազանքը:

Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ին հրապարակած իր հոդվածում՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» խորագրով, գրում է. «Արկածախնդիրների ուղին տանելու է դեպի անխուսափելի պարտություն։ Մենք մի անգամ արդեն, «Ստամբուլը արյան ծով դարձնելով», կորցրել ենք Արևմտահայաստանը, իսկ մի այլ անգամ՝ պահանջելով Սևրի դաշնագրով գծված տարածքները, կորցրել ենք Արևելահայաստանի կեսը»։

Տեր-Պետրոսյանը, որի նախագահության տարիներին ունեցանք 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստան ու Արցախ, փորձում էր հայ ժողովրդին բացատրել ու համոզել, որ պետք է գնալ խաղաղության և արժանապատիվ փոխզիջումների: 

Նրան հաջորդած Հայաստանի առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, Արցախի ու Սփյուռքի մեծագույն մասը, Հայաստանի մի մասը, նրան մեղադրեցին պարտվողական քաղաքականության և հողերը ծախելու դավադիր մտադրության մեջ:

Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց Հայ դատին ու պահանջատիրությանը: Առաջին նախագահը Սփյուռքին, Արցախին, Հայաստանի մի մասին, պարտվեց հայ քաղաքական մտքին, որը վերջին 100 տարիներին Հայաստանը տարել է աղետների:

Հիմա ի՞նչ ունենք:

Մենք կորցրել ենք Արցախի երեք քառորդը, այդ թվում՝ Հադրութի շրջանն ամբողջությամբ և Շուշին: Պատմության մեջ առաջին անգամ Հադրութում մարեց հայկական կյանքը: Հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք արել: Բերդաքաղաք Շուշին՝ հայ քաղաքական մտքի դարբնոցը, կորցրել ենք, ինչպես 1920-ին կորցրինք բերդաքաղաք Կարսը:

Մենք վտանգել ենք Հայաստանի ողնաշարը՝ Սյունիքը: Մենք վերադարձել ենք 1990-1992 թվականներ, երբ վտանգված էր Գորիս-Որոտան-Դավիթ Բեկ-Կապան ճանապարհը: Այդ տարիներին հաճախ օգտվում էինք Գորիս-Տաթև-Կապան ներքին ճանապարհից:

Հայ ժողովուրդը՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, կոտրված է և հուսահատ:

Հայաստանի անկախությունից ու ինքիշխանությանից քիչ բան է մնացել:

Արցախի անվտանգությունը հանձնել ենք ռուս խաղաղապահներին, Հայաստանը քիչ ասելիք ունի:

Ի՞նչ կլիներ, եթե ագրեսիվ կերպով չմերժեինք առաջին նախագահին և Ադրբեջանի հետ գնայինք արժանապատիվ խաղաղության:

Մենք կխուսափեինք ավելի քան 10 հազար զոհերից, որ տվել ենք 1997-ից ի վեր:

Մենք չէինք ունենա ավելի քան 500 հազար արտագաղթ, որ ունեցանք 1997-ից ի վեր:

Ադրբեջանի, գուցե նաև՝ Թուրքիայի հետ, կունենայինք կանխատեսելի հարաբերություններ, Հայաստանը տնտեսապես և քաղաքական իմաստով չէր մեկուսանա, դուրս չէր մնա տարածաշրջանային տնտեսական նախագծերից:

Մենք կպահեինք 4,4 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախը և գրեթե 2 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Լաչինը, որը միմյանց կապելու էր երկու հայկական հանրապետությունները:

Շատ բան կունենայինք ու շատ բան չէինք կորցնի, եթե ճիշտ գնահատեինք մեր ուժերն ու հնարավորությունները: 

Այս շշմեցնող ու ստորացուցիչ պարտությունից հետո էլ ուշ չէ դասեր քաղել, եթե չենք ուզում կորցնել Հայաստանի Հանրապետությունը:

Բայց կրկին դասեր չենք քաղում: Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայից հոխորտում է Թուրքիային, փողոց դուրս եկած ընդդիմության ընտրված առաջնորդը կոչ անում միանալ հակաթուրքական դաշինքներին:

Դժվա՞ր է հասկանալ, որ Հայաստանը, հատկապես այսօր, չի կարող երկու ժամից ավելի կանխել թուրքական հնարավոր ագրեսիան: Ո՞ւմ վրա ենք դրել հույսներս: Որ Թուրքիան չի՞ հարձակվի Հայաստանի վրա: Որ եթե հարձակվի, Ռուսաստանը մեզ կփրկի՞ թուրքական բարբարոսությունից: Այսինքն, մենք դասեր չենք քաղում մեր իսկ պատմությունից և Հայաստանը ենթարկում ենք շարունակական փորձությունների՞: 

Հայաստանը նախ և առաջ պետք է կարողանա դուրս գալ հոգեբանական այս ծանր իրավիճակից: Դա հնարավոր չի լինի, քանի դեռ պարտության և Հայաստանի ստորացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը կառչած է աթոռից: 

Նիկոլ Փաշինյանը չգնալու այլընտրանք չունի: Չգնալու այլընտրանքը Հայաստանի բզկտումն է:

Հայաստանին պետք է նոր իշխանություն, քաղաքական նոր միտք, որը ընդունակ կլինի արժանապատիվ խոսակցություն ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: 

Չենք ուզո՞ւմ. այդ դեպքում Ադրբեջանի և Թուրքիայի հետ խոսակցությունը կտանի Ռուսաստանը՝ նաև մեր արժանապատվության հաշվին: