ՔԿ-ն պարզաբանեց, թե ինչ քրեական գործով է անցնում Գորիսի քաղաքապետը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ՔԿ-ից։

Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 21-ին, նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:

«Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Առուշանյանի վերաբերյալ մի քանի հոդվածներով այլ քրեական գործեր էին հարուցվել դեռ 2019-ի մայիսին։

Առուշանյանը կեսգիշերին կոչ արեց սյունեցիներին փակել Սյունիք տանող ճանապարհն ու թույլ չտալ աշխատանքային այցով Հայաստանի հարավ մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանից ժամեր անց ոստիկանությունը նրան բերման ենթարկեց և ձերբակալեց։ Ի դեպ, Առուշանյանը մինչ այս միացել էր նաև մի քանի տասնյակ համայնքապետերին, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։