Դիտելով երկինքը

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ վերջին շաբաթներին և ամիսներին ընթացող Բաքու-Մոսկվա բանակցություններն այսօր դիվանագիտական փակուղում են: Ռուսաստանի համար միանգամայն անակնկալ էր իր գործընկեր Ադրբեջանի՝ Գաբալայի կայանի օգտագործման համար տարեկան 7 մլն դոլարի փոխարեն 300 մլն վարձավճարի պահանջը: Ու մինչ ռուս-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, Հայաստանը Ռուսաստանին առաջարկեց իր տարածքում կառուցել նոր ռադիոտեղորոշիչ կայան:

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը գտնվում է Ադրբեջանի հյուսիսային հատվածում՝ Գաբալա քաղաքից ոչ հեռու: Խորհրդային Միությունը ժամանակին կառուցել է այսպիսի ինը կայաններ՝ անծայրածիր տերության տարբեր հատվածներում: Քսան տարվա շինարարությունից հետո Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը շահագործման հանձնվեց 1985թ.՝ ԽՍՀՄ փլուզումից վեց տարի առաջ: Գաբալայի կայանի տեսադաշտը ներառում է Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Հնդկաստանի և Մերձավոր Արևելքի երկրների ողջ տարածքը: Այսպիսով, եթե նշված երկրներում արձակվում է որևէ հրթիռ, ապա Գաբալայի կայանը ոչ միայն կարողանում է ֆիքսել այն, այլև հետևել այդ հրթիռի տեղաշարժին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հակահրթիռային համակարգերի օգնությամբ կործանել այն:

Իրավական առումով Գաբալան ունի «տեղեկատվական-վերլուծական» կայանի կարգավիճակ: Իրականում, սակայն, Գաբալայի կայանը ռազմական օբյեկտ է: Քանի որ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է օտարերկրյա ռազմական ներկայությունը երկրի տարածքում, Գաբալային տրվել է «տեղեկատվական-վերլուծական»-ի կարգավիճակ ու նշանակություն: Ռադիոտեղորոշիչ կայանը զբաղեցնում է ավելի քան 200 հեկտար տարածք: Գաբալայում աշխատողների թիվը հասնում է 1400-ի, որից մոտ 1000-ը զինվորականներ են: Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում:

Երբ Ադրբեջանը անկախացավ, երկրի խորհրդարանի որոշումով սեփականաշնորհեց նաև Գաբալայի կայանը: 1990-ական թվականների ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի՝ Ռուսաստանը վարձակալությամբ շարունակելու էր օգտագործել կայանը՝ տարեկան վճարելով 7 մլն դոլար: Այս տարվա հունիսին լրանում է համաձայնագրի տասը տարին: Փատաթղթի համաձայն՝ Գաբալայի կայանի վարձակալության ժամկետը մեխանիկորեն երկարաձգվում է ևս երեք տարով, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից կես տարի առաջ մյուս կողմին չի տեղեկացնում պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին:

Գաբալայի շուրջ ընթացող ռուս-ադրբեջանական բանակցությունները վեր հանեցին իրականությունն այն մասին, որ Մոսկվայի և Բաքվի փոխադարձ ակնկալիքները տարբեր են: Եթե Ռուսաստանը նպատակ ուներ բանակցություններում հասնել նրան, որ նոր համաձայնագիրը կնքվի 25 տարով, Ադրբեջանը ռուսներից որպես վարձավճար պահանջեց տարեկան 300 մլն: Նավթով ու բնական գազով հարուստ Ռուսաստանի համար այս գումարն այնքան էլ մեծ չէ՝ հաշվի առնելով նաև ռադիոտեղորոշիչ կայանի նշանակությունը: Ադրբեջանը, որը նույնպես նավթի ու բնական գազի մեծ պաշարներ ունի, 300 մլն դոլարով չի հարստանա՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական բյուջեն, որն այսօր արդեն 22 մլրդ դոլար է:

Այսպիսով՝ Գաբալայի կայանի շուրջ ռուս-ադրբեջանական վեճի հիմնական պատճառը քաղաքական է ու աշխարհաքաղաքական: Ռուսները, անկասկած, կարող են հեռանալ Գաբալայից, սակայն լուրջ մտավախություն ունեն, որ իրենց հեռացումից հետո Ադրբեջանը այդ ռադիոտեղորոշիչ կայանը կհանձնի Թուրքիային կամ ԱՄՆ-ին: Ամերիկացիներին Գաբալան շատ է հետաքրքրում, քանի որ Իրանին վերահսկելու ավելի լավ հնարավորություն, քան Գաբալան է, այսօր պարզապես չկա:

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ ռուս-ադրբեջանական վեճը պետք է դիտարկել Մոսկվա-Վաշինգտոն հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցում առկա խնդիրներով նաև: Ադրբեջանցիները սա շատ լավ են հասկանում և այսպիսով փորձում են կարևորել Գաբալայի կայանի, հետևաբար նաև՝ Ադրբեջանի նշանակությունը: Վերջիվերջո, Մոսկվան և Բաքուն կարող են գալ համաձայնության, բայց Իլհամ Ալիևը «հնարավոր փոխզիջումների գնով» փորձում է ռուսների բարյացակամությունը և աջակցությունը վայելել տարածաշրջանային այլ հարցերում, առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Ադրբեջանը հասկանում է, որ լայն հաշվով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Մոսկվայում է:

Իր հերթին՝ Ռուսաստանը հասկանում է Ադրբեջանի հավակնությունները, սակայն չի պատրաստվում ենթարկվել Ալիևի պահանջներին:
Եթե Ադրբեջանը Գաբալայի հարցում չփոխի իր դիրքորոշումը, ինչը քիչ հավանական է, ապա Ռուսաստանն ունի մի քանի այլընտրանք: Առաջին՝ լքել Գաբալան և նոր ռադիոտեղորոշիչ կայան կառուցել Հայաստանում, մանավանդ որ Հայաստանը, ինչպես օրերս հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատրաստ է տարածք տրամադրել: Երկրորդ՝ զուտ գործնական առումով Ռուսաստանը կարող է Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Հնդկաստանի և Մերձավոր Արևելքի երկրների տարածքը վերահսկել մեկ այլ ռադիոտեղորոշիչ կայանով, որը գտնվում է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում: Ճիշտ է նաև, որ Արմավիրի կայանի շինարարությունը դեռ չի ավարտվել: Սակայն կրկնենք, որ ռուսները Գաբալայից չեն ուզում հեռանալ ոչ միայն այն պատճառով, որ այն իրավամբ ունի կարևոր նշանակություն, այլև որովհետև Գաբալան կարող է անցնել թուրքերին կամ ամերիկացիներին:

Հայաստանի ակնարկը, որ պատրաստ է իր տարածքը տրամադրել ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի վարձակալության հարցի շուրջ, հայ քաղաքական և փորձագիտական շրջանակներում միանշանակ չընդունվեց: Կարծիքները հիմնականում բաժանվեցին երկու մասի: Առաջին, եթե Հայաստանը իր տարածքը տրամադրում է ռուսներին նաև ռադիոտեղորոշիչ կայան կառուցելու համար, ապա Հայաստանն ավելի է զրկվում ինքնիշխանությունից և անկախությունից: Երկրորդ՝ Հայաստանը, իր տարածքը տրամադրելով ռուսներին նման կայան կառուցելու համար, ձեռք է բերում հավելյալ կարևորություն ոչ միայն տարածաշրջանային զարգացումներում, այլև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում:

Հիշեցնենք, որ Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմական կայանը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա սահմանի պաշտպանությունը համատեղ իրականացնում են հայ և ռուս սահմանապահները:

Մեկնաբանել