Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին վեց զինծառայողի վերադարձի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայ զինծառայողներին հայրենիք վերադարձնելու հարցում ցուցաբերած օգնության համար․ այդ մասին նա ասել է դեկտեմբերի 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ այդ ջանքը գործարդվեց ի վերջո։ Դեպքը հրաշքի է նման», – ասել է Փաշինյանը Սիսիան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը:

Որոնողական աշխատանքների մասին խոսելիս նա նշել է․ «Ամենամեծ բարդությունը նրանում էր, որ տարածքները շատ մեծ են, չգիտեն՝ կոնկրետ որտեղ են մեր տղերքը, որ մտնեն, դուրս բերեն, եղել է, որ մտել են բարձրախոսով ռուսերեն էլ հայտարարել են, որ արդեն հրադադար է, դուրս եկեք, եղել է, որ հայերենով են հայտարարել, արձագանք չի եղել, ու մենք մտածում ենք, որ արձագանք չի եղել այն պատճառով, որ չեն վստահել մարդիկ, ադրբեջանցիներն էլ կարող են հայերեն խոսել, առավել ևս, ռուսերեն»։

Դեկտեմբերի 20-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով վերադարձել են ավելի քան 70 օր անհայտության մեջ մնացած վեց ժամկետային զինծառայողը։

Մեկնաբանել