Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ԼՂՀ-ի համար ոչինչ չի փոխել դե յուրե․ վերլուծական

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ, «Կոմերսանտ» թերթի հոդվածագիր Կիրիլ Կրիվոշեևը հոդված է հրապարակել «Ոչ մի ստատուս, բացի քվո-ից։ Ինչո՞ւ Ղարաբաղում հակամարտությունը հեռու է ավարտից» վերնագրով։ Հոդվածը թարգմանաբար և կրճատումներով՝ ստորև։

Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կողմերը պայմանավորվեցին հրադադարի մասին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես ձեռքբերում ներկայացրեց այն, որ համաձայնագրում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Հակամարտության երեք տասնամյակների ընթացքում «կարգավիճակ» բառը ադրբեջանցիների մոտ սկսել է ասոցացվել ազգային նվաստացման հետ։

Սակայն շուտով պարզվեց, որ կարգավիճակի հիշատակման բացակայությունն ունի նաև հակառակ կողմը. եթե նոր կանոնները ոչ մի տեղ գրված չեն, ապա ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է։ Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները փոխվել են, սակայն այն նախկինի պես գոյություն ունի, իսկ դրա հետ մեկտեղ պահպանվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության նոր փուլի բազմաթիվ հնարավորություններ:

Գոյություն ունի՞ արդյոք ԼՂՀ-ն

[…]

Հասկանալի է, որ ադրբեջանական կողմին նյարդայնացնում էր «ստատուս քվոյի» ցանկացած հիշատակում․ չէ՞ որ բառը նրանց համար ենթադրում էր նվաստացուցիչ դրություն։ «Ես փոխել եմ ստատուս քվոն։ Այնտեղ՝ ռազմի դաշտում։ Այլևս ստատուս քվոն չկա»,- հոկտեմբերի 9-ին ցնծում էր Իլհամ Ալիևը։

Ադրբեջանում «նոր ստատուս քվոյի» մասին խոսելն էլ, ամենայն հավանականությամբ, անընդունելի կհամարեն։ Բաքվի համար ամեն ինչ պարզ է. սկզբում ռուս խաղաղապահների հսկողության տակ Ղարաբաղից հեռանում են հայկական զորքերը, իսկ հետո այնտեղ սկսում են աշխատել Ադրբեջանի իշխանության մարմինները։ Այո՛, հայերի մեծ մասը, ամենայն հավանականությամբ, նման պայմաններ չի ընդունի և կգնա Հայաստան, բայց նրանք, ովքեր կմնան, սիրով կընդունենք։

Բաքվի հռետորաբանության առանձին թեմա էր այն պնդումը, թե «ինքնահռչակ ԼՂՀ-ն այլևս չկա»։ Այս թեզն Ադրբեջանում սկսեցին հատկապես թեժ պաշտպանել, երբ նկատեցին, որ միջազգային լրատվամիջոցները չեն դադարում օգտագործել իրենց համար այդքան տհաճ անունը։

Բաքվի տեսանկյունից, ինչպե՞ս կարող է լինել ԼՂՀ, եթե հայկական զորքերը բառացիորեն օրերս լքեն շրջանը, իսկ ադրբեջանցի զինծառայողներն արդեն իսկ կարող են մտնել Ստեփանակերտ (ճիշտ է՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ): Խաղաղապահների ժամանումն ու մարդասիրական օգնության առաքումն ընթանում է երկու կողմից. ինչ-որ բեռներ Ղարաբաղ են տեղափոխվում Երևանի օդանավակայանից, ինչ-որ բեռներ՝ ադրբեջանական Գյանջայից կամ նույնիսկ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղով՝ ինչպես ԽՍՀՄ-ի օրոք։ Մինչև վերջերս անհավանական այս լոգիստիկայի սխեմաները և ճշմարտությունը կարող են շփոթեցնել ցանկացած մարդու։

Փոփոխությունների մասշտաբները չափազանցնել պետք չէ. որքան էլ տհաճ լինի ադրբեջանցի հայրենասերների համար, չճանաչված ԼՂՀ-ն շարունակում է գոյություն ունենալ և կառուցել նոր ստատուս քվոն

Սակայն փոփոխությունների մասշտաբները չափազանցնել պետք չէ. որքան էլ տհաճ լինի ադրբեջանցի հայրենասերների համար, չճանաչված ԼՂՀ-ն շարունակում է գոյություն ունենալ և կառուցել նոր ստատուս քվոն։

Եթե նայենք միջազգային իրավունքի տեսանկյունից, ապա ԼՂՀ-ն իսկապես գոյություն չունի, այն ճանաչված չէ ոչ մեկի կողմից, նույնիսկ Հայաստանի կողմից։ Դա հնարավորություն է տալիս նրան փակցնել տարբեր նսեմացուցիչ էպիտետներ, ինչպիսիք են «խամաճիկային», «անօրինական», «անջատողական», բայց դրանից ոչ մի կերպ չի վերանում այն փաստը, որ Ստեփանակերտում չեն աշխատում Ադրբեջանի իշխանության մարմինները։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ԼՂՀ-ի համար ոչինչ չի փոխել դե յուրե. Հանրապետությունը չի հիշատակվում հրադադարի մասին համաձայնագրում։ Դե ֆակտո ԼՂՀ-ն վերածվել է թույլ, բայց մի կերպ գյուղատնտեսության ու զբոսաշրջության հաշվին իրեն ապահովող քաղաքական միավորի՝ վիճելի կարգավիճակով, ավելի փոքր ու անհեռանկար տարածաքի, որը գոյություն ունի բացառապես դոտացիաների հաշվին։

Հարավային և հարավարևելյան տարածքները, որոնք ադրբեջանական բանակն առաջինն էր գրավել, չճանաչված հանրապետության գլխավոր ցանքատարածություններն էին։ Հադրութում, խաղողի այգիներից բացի, կար «Կատարո» գինու գործարանը։ Աղդամի և Քելբաջարի շրջանների կորստով հայերը զրկվեցին մրգատու հսկայական այգիներից և Սոտքի ոսկու հանքից, որը պատկանում է ռուսական GeoProMining ընկերությանը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ԼՂՀ-ի համար ոչինչ չի փոխել դե յուրե. Հանրապետությունը չի հիշատակվում հրադադարի մասին համաձայնագրում

Ի՞նչ է մնացել Ղարաբաղում հայերի վերահսկողության տակ։ Ստեփանակերտ, Խոջալու (Իվանյան), Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքները: Մի կողմից՝ պատերազմից առաջ այնտեղ ապրում էր ԼՂՀ բնակչության մեծ մասը։ Մյուս կողմից, այդ քաղաքները գտնվում են լեռներում, և այժմ պետք է Հայաստանից մատակարարվեն գրեթե ամեն ինչ, քանի որ գյուղատնտեսական հողերի 70 տոկոսը կորսված է: Ղարաբաղի տնտեսության վերամասնագիտացումը ագրարայինից արդյունաբերական ուտոպիա է։

Բայց այս ամենն ամենևին չի նշանակում, որ ԼՂՀ-ն անհետացել է կամ անհետանալու է մի քանի տարի անց։ Պատերազմից առաջ այնտեղ ապրում էր մոտ 130 հազար մարդ, պատերազմի ժամանակ նրանց մոտ 70 տոկոսը դուրս եկավ, բայց հիմա վերադառնում է՝ օրական 400-600 մարդ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ «մշտական բնակության վայրեր» է վերադարձել ավելի քան 40 հազար փախստական: Հավանաբար, այժմ Ղարաբաղի բնակչությունը չի հասնի 100 հազարի, բայց այդ թիվն էլ կմնա քաղաքական կարևոր գործոն։ Կարելի է վստահ լինել, որ նրանք չեն վերադառնում Ադրբեջանի քաղաքացի դառնալու համար։

Զինվորականներ և քաղաքացիականներ

[…]

Ղարաբաղի ողջ հայկական մասի զինաթափման մասին, ըստ ամենայնի, խոսք չկա։ Ինչպես հայտարարել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, «Արցախի Պաշտպանության բանակը ողջ աշխարհի հայերի աջակցությամբ շարունակելու է իրականացնել իր գործառույթները»: Չնայած ԼՂՀ նախագահի չճանաչված կարգավիճակին՝ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը բազմիցս հանդիպել է նրա հետ և նույնիսկ բարեկամաբար գրկախառնվում է՝ ցուցադրելով իր ջերմ հարաբերությունները:

Ի վերջո, պետք է ասել, որ Ղարաբաղում հայկական ուժերը միասնական են միայն Ադրբեջանի տեսանկյունից։ Հայերի տեսանկյունից այնտեղ գործում են Հայաստանի զինված ուժերը, Արցախի Պաշտպանության բանակը, ինչպես նաև զինված աշխարհազորայինները, որոնք քաղաքական քաոսի պայմաններում ենթարկվում են միայն իրենց հրամանատարներին։ «Գյուղապետն ինքնապաշտպանական ջոկատ է հավաքել տեղի պատգամավորի աջակցությամբ»,- այժմ սովորական արտահայտություն է տեղական լրահոսում։

Հայկական պաշտոնական զորքերը կարող են նահանջել, բայց տեղի բնակիչներին զինաթափելու խնդիրն անիրագործելի է թվում։ «Տեսնելով ինքնաձիգը՝ ռուս խաղաղապահը աշխարհազորայինին հարցնում է՝ արդյոք զենքը գրանցված է։ Պարզ «այո»-ն ի պատասխան նրան ձեռնտու է»,- իր ռեպորտաժում պատմում է ՌԲԿ-ի լրագրող Ալեքսանդր Աթասունցևը։

Իրերի նման դրությունն անիմաստ է դարձնում Ադրբեջանի հայտարարությունները խաղաղ հայերին ընդունելու և «զինված օկուպանտների» հանդեպ անհանդուրժողականության մասին։ Քաղաքացիականներն ու զինվորականները երկու տարբեր խմբեր չեն. ցանկացած ստեփանակերտցի վաճառողուհի ունի հայր, որդի կամ ամուսին, որը կռվել է ղարաբաղյան պատերազմներից մեկում, իսկ ցանկացած տաքսու վարորդի ուղեբեռում հրացան կգտնես։ Մինչև հունվարի 12-ը հրազենը հանձնելու բոլոր կոչերը հազիվ թե ինչ-որ բան փոխեն։

[…]

Նույնիսկ եթե ընդունենք, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում միակ զինված կազմավորումն են դառնալու, անպատասխան է մնում ևս մեկ կարևոր հարց՝ ինչպես կձևավորվի Ղարաբաղի վարչակազմը։

[…]

Հիմա խոսքն այն մասին չէ, որ ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն իր վրա կվերցնի վարչական գործառույթները։ Իսկ դա նշանակում է՝ դրանք շարունակելու են կատարել ԼՂՀ իշխանությունները, քանի որ եթե նոր կանոնները ոչ մի տեղ գրված չեն, ապա ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է։

Բաքվում անհարմար այս փաստը, իհարկե, չեն թմբկահարի և շեշտը կդնեն համաձայնագրի այն կետի վրա, որտեղ ասվում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հսկողության ներքո»:

Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում շատերը լրջորեն մտածում են, որ համաձայնագրի կետերից բացի կան գաղտնի ենթակետեր։ Բայց նման ենթակետեր չկան՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը շատ բացեր են թողել, որպեսզի հնարավորություն ունենան գործել հանգամանքների բերումով

Բայց ե՞րբ են վերադառնում՝ մեկ ամիս ա՞նց, թե՞ «տարածաշրջանի լիակատար կայունացումից» հետո։ Ո՞ւր են վերադառնում՝ ըստ գրանցման վայրի, իրենց տեղահանումից հետո իրենց տներում հաստատցած մարդկանց վտարումից հետո՞։ Արդյոք բազմազգ Ստեփանակերտ/Խանքենդիի բնակիչները կունենա՞ն միասնական քաղաքացիություն, և իշխանության ո՞ր մարմինն է կառավարելու այդ քաղաքը: Արկադի Վոլսկին, որը, ասում են, վայելում թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների հարգանքը, ցավոք, մահացել է 2006-ին։

Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում շատերը լրջորեն մտածում են, որ համաձայնագրի կետերից բացի կան գաղտնի ենթակետեր։ Բայց նման ենթակետեր չկան՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը շատ բացեր են թողել, որպեսզի հնարավորություն ունենան գործել հանգամանքների բերումովՎերադարձի խնդիրներ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնումը թեև ավելի ըմբռնելի, սակայն ոչ պակաս ծավալուն խնդիր է։ Չնայած «տարածաշրջանի ամենահաջող և հարուստ պետության» մասին խոսակցություններին, պահանջվող ներդրումները հսկայական են: Բաքվի վերահսկողության տակ է անցել ավելի քան 8 000 քառակուսի կիլոմետր, որոնց մեծ մասը ականապատ ավերակներ է՝ առանց որևէ ենթակառուցվածքի։

Ղարաբաղցի շատ ադրբեջանցիներ վստահեցնում են, թե պատրաստ են թեկուզ վաղը թողնել 28 տարվա ընթացքում վաստակածը և վերադառնալ ազատագրված հայրենիք։ Սակայն Ջոջուղ-Մարջանլի գյուղի օրինակը, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ցույց է տալիս, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Իշխանությունները այնտեղ միանման գեղեցիկ տնակներ են կառուցել, բայց դրանցից շատերը մինչ օրս դատարկ են. մարդիկ ստացել են տները, բայց տեղափոխվել չեն համարձակվել։ Եվ դա այն դեպքում, երբ Չոջուղ-Մարջանլին գտնվում է Հորադիզ խոշոր քաղաքից 15 րոպե հեռավորության վրա, իսկ Ջեբրայիլի կամ Զանգելանի շրջան հասնելը շատ դժվար է։

Հավանաբար, այնպիսի բարդ հարցեր, ինչպիսիք են ադրբեջանցիների վերադարձը Ստեփանակերտ, իսկ հայերինը՝ Հադրութ, կլուծվեն արդեն այն բանից հետո, երբ հաջողվի այնտեղ վերադարձնել կյանքը, ուր այն փաստացի 28 տարի չկար։ Իսկ մինչ այդ Ղարաբաղում գործելու է նոր ստատուս քվոն, որը ներառում է խաղաղապահներին անորոշ ժամկետով և ԼՂՀ-ին, որտեղ խոստանում են «ողջամիտ ժամկետներում» կազմակերպել նախագահական արտահերթ ընտրություններ։ Սա ևս մեկ նուրբ պահ է. քվեարկության օրը խաղաղապահները ստիպված կլինեն ապահովել միջոցառման անվտանգությունը, որն ապօրինի է Ադրբեջանի տեսանկյունից։

Ղարաբաղում նոր ստատուս քվոն, ամենայն հավանականությամբ, կամրապնդվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից և Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո

Ղարաբաղում նոր ստատուս քվոն, ամենայն հավանականությամբ, կամրապնդվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից և Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո։ Մինչ այդ Փաշինյանի վրա կդնեն ամենաոչպոպուլյար որոշումները, օրինակ, Ադրբեջանի հետ սահմանի հաստատումը երկրի հարավում, որտեղ այն նախկինում փաստացի եղել է Կապան քաղաքից 70 կմ հեռավորության վրա, իսկ այժմ անցնելու է գրեթե նրա սահմանով։ Հայաստանի ընդդիմությունը սպասում է, որ Փաշինյանը ավարտի այդ տհաճ աշխատանքը, և չի շտապում խաղաղ երթերից անցնել իսկական հեղափոխության։

Սակայն թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի նոր իշխանությունները ստիպված կլինեն ապացուցել, որ իրենք հներից լավն են։ Իսկ դա նշանակում է, որ նրանք պետք է մարմնավորեն խիզախ մարտիկների ու արարիչների, որոնք քիչ թե շատ հավաքում են այն, ինչ կորցրել են նախորդների հիմարության պատճառով։ Առանց ցուցադրական դրսևորումների այս գործընթացը չի լինելու։ Իսկ դա նշանակում է, որ կարգավորման գործընթացին ավելանալու է լարվածության ևս մեկ աղբյուր։

Լուսանկարը և թարգմանությունը՝ ՍիվիլՆեթի

Հոդվածը ռուսերեն՝ Никаких статусов, кроме кво. Почему конфликт в Карабахе далек от завершения

Մեկնաբանել