Նահանջ Հայաստան-Ադրբեջան 1991-ի սահմաններ

«Արցախը Հայաստան է ու վերջ» բացականչողները փորձում են հայ հանրությանը բացատրել, որ վերականգնվում են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանները, և Հայաստանի տարածքից մեկ միլիմետր անգամ չի զիջվել:

Երբ Հայաստան-Ադրբեջան վեճի հիմքում դրվում է խորհրդային ժամանակների քարտեզը, ապա պաշտոնական Երևանը, ըստ էության, ընդունում է, որ Արցախը կամ այն, ինչ մնացել է Արցախից, Ադրբեջան է, քանի որ ԼՂԻՄ անունով հայկական այս երկրամասը եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում:

Երկրորդ, չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որով իրականացված լինեին Հայաստան-Ադրբեջան սահմանագծում և սահմանազատում: Ավելի քան 100 տարի, սկսած 1918-ից, հայ-ադրբեջանական սահմանները և շրջանները եղել են վիճելի և այդ վեճն է, որ 1991-ին Արցախում պատերազմի հիմք է դարձել:

1918-1920 թվկաններին շրջանում անկախ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ սահմաններ չեն ունեցել, քանի որ կողմերը հավակնություններ ունեին բազմաթիվ տարածքների, բայց առաջին հերթին Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի և Ռոմանովների կայսրության Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի նկատմամբ, որի մի հատվածը՝ այսօրվա Տավուշը, մնաց հայկական:

Երկու հանրապետությունները անկախությունը կորցրին՝ ունենալով վիճելի տարածքներ և չհստակեցված սահմաններ:

1920թ. դեկտեմբերի 2-ին հայ-ռուսական կամ Երևանի համաձայնագրի Խորհրդային Հայաստանի մասն էին հռչակվում Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի մարզի այն մասը, որը զինվորական տեսանկյունից ապահովում է երկաթուղու անվտանգությունը Ջաջուռ-Արաքս հատվածում, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի այն մասը, որի սահմանները որոշվել են Թիֆլիսի 1920թ․ օգոոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով։ Այս տարածքները միասին կազմում էին շուրջ 39 հազար քառակուսի կիլոմետր:

1921-1922 թվականներին, երբ Խորհրդային Հայաստանը ֆորմալ առումով անկախ պետություն էր, ուներ շուրջ 32 հազար քառակուսի կիլոմետր, քանի որ մի շարք շրջաններ և տարածքներ անցել էին քեմալական Թուրքիային կամ Խորհրդային Ադրբեջանին՝ հակառակ դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի:

1922 թվականի դեկտեմբերի 30-ին անդրկովկասյան երեք հանրապետությունները՝ Անդրֆեդերացիայի Դաշնություն անունով, Ռուսաստանի, Բելառուսիայի և Ուկրաինայի հետ հիմնադրեցին ԽՍՀՄ-ը:

Թեև Խորհրդային Հայաստանն ու Խորհրդային Ադրբեջանը մաս կազմեցին ընդհանուր պետության, սակայն սահմանների խնդիրը մնաց վիճելի և 1936-ին, երբ Անդրֆեդերացիայի Դաշնությունը լուծարվեց, իսկ երեք հանրապետությունները առանձին մաս կազմեցին ԽՍՀՄ-ի, Հայաստանի տարածքը նվազել և դարձել էր 30 հազար քառակուսի կիլոմետրից պակաս:

Սա գիտական հոդված չէ, որտեղ մանրամասն և հղումներով ներկայացնենք հայ-ադրբեջանական սահմանային և տարածքային վեճերը, բայց նաև տարածքային փոխանակությունները հարևան հանրապետությունների միջև: Ներկայացնենք այն հիմնական վայրերը, որտեղ սահմանային վեճեր կային, և որոնց արդյունքում Խորհրդային Հայաստանը ունեցավ 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք և այդ տարածքի վրա հռչակեց իր անկախությունը:

1922-ից 1930-ական թվականներին վիճելի տարածքներն ընդգրկել են հետևյալ հատվածները.

Կողբ-Շիխլի (Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունում այսօրվա Տավուշի մարզի ոչ սահմանային Կողբ գյուղը ունի հողատարածք Ղազախի շրջանի հետ, տարածքի անուն էր Չամչա),

Դովեղ- Քյամառլի (վիճելի էր Բաղմաջալաղ տեղամասը. հետագայում՝ 1984-ին, Տավուշի մարզի սահմանային այս և Ղազախի Քեմեռլի գյուղերի միջև տեղի ունեցավ մեծ ընդհարում 1800 քառակուսի մետր անտառի պատկանելության շուրջ),

Բարանա-Ղայմախլի (Բարանան այսօրվա Նոյեմբերյան ոչ սահմանային քաղաքն է, որը անտառով սահման ուներ Ղազախի Ղայմախլի գյուղի հետ),

Կոթի-Դաշ Սալահլի,

Բաղանիս/Ոսկեպար-Ղազախի երկու կղզյակներ (խոսքը Յուխարը Ակսիբարա, Աշաղը Աքսիբարա, Բաղանիս-Այրում ադրբեջանաբնակ գյուղերի մասին է, որոնք խրվել էին Խորհրդային Հայաստանի ներսում. այս գյուղերը հայկական վերահսկողության տակ են անցել 1990-1991թթ, բայց վարչականորեն պատկանում էր Խորհրդային Ադրբեջանին),

Ազատամուտ-Սոֆուլու/Բարխուդարլու (ադրբեջանաբնակ այս երկու գյուղերը գտնվում են Իջևանի շրջանի տարածքում՝ Աղստև գետի աջ և ձախ ափերին՝ դեմ դիմաց. երկու գյուղերն էլ անցել են հայկական վերահսկողության տակ 1991-1992թթ․, բայց վարչականորեն պատկանում էր Խորհրդային Ադրբեջանին),

Լալիգեղ-Չախմախլի (Լալիգեղը այսօրվա Վազաշեն գյուղն է Իջևանի շրջանում),

Թաթլու հայկական-Թաթլու ադրբեջանական (Հայկական Թաթլուն այսօրվա Պառավաքարն է Բերդի շրջանում):

Ինչպես նկատում եք, այսօրվա Տավուշի և Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջանների միջև ընկած սահմանայի գրեթե ամբողջ երկարությամբ վիճելի տարածքներ կային: Այսօր այդ հատվածը խնդրահարույց չէ, քանի որ կողմերը լռելյայն ընդունել են այն և կառուցել պաշտպանական բնագծեր:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Ադրբեջանի Գետաբեկի սահմանային հատվածը ևս լռելյայն ընդունվել է, անգամ Արծվաշենի կորուստը:

44-օրյա պատերազմի արդյունքում նոր ստատուս-քվո ձևավորվեց ոչ միայն Արցախում (հայկական կողմը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքների շուրջ երեք քառորդը), այլ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարյուրավոր կիլոմետր հատվածում՝ Սոթքից մինչև Հայաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունին Արաքսի ափին:

1920-ական թվականներին Ադրբեջանին է անցել Ալ լճերի շրջանը, տարածքներ Գորիս-Կարմիր Քրդստան (այս միավորումը ստեղծվել է 1923-ին և գոյություն ունեցել վեց տարի) հատվածում, որի հետևանքով Խորհրդային Հայաստանը զրկվեց Արցախի հետ ունեցած ընդհանուր ցամաքային սահմանից: 1920-ական թթ քարտեզներում պարզ երևում է, որ Խորհրդային Հայաստանն ու ԼՂԻՄ-ը ունեն սահմանային շփման կետ:

Ճիշտ է նաև, որ 1920-ականներին Խորհրդային Հայաստանին անցել են գյուղեր Խորհրդային Ադրբեջանից և նրա մաս կազմող Նախիջևանից և դրանք եղել են տարածքային փոխանակումներ երկու հանրապետությունների միջև: Մասնավորապես, այդ փոխանակումների շրջանակներում է, որ Բաշքենդ/Արծվաշենը (ադրբեջանական ուժերը այն գրավել են 1992-ի օգոստոսին) և Նյուվադի/Նռնաձորը, ինչպես նաև Վայքի մի քանի գյուղեր Նախիջևանից այսօր Հայաստանի կազմում են:

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վիճելի էր հատկապես Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ-Սյունիք-Կապան ճանապարհը և շրջական անտառները: 1992-1993 թվականներին, երբ հայկական ուժերը դուրս եկան Ղուբաթլու, վեճը և վտանգը վերացավ: Այսօր, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանը ենթարկվել է կապիտուլյացիայի, ադրբեջաբնական կողմի վերահսկողության տակ են անցնել մի շարք շրջաններ, վտանգը վերադարձել է: Գորիսից Կապան ճանապարհը որոշ հատվածներում մտնում է վարչականորեն Ադրբեջանի տարածք, իսկ որոշ հատվածներ այն անցնում է նախկին վարչական սահմանների պռունկով:

Նոյեմբերի 9-ի համաձայնագրում խոսք չկա Ղուբաթլուի և Զանգելանի շրջանների մասին: Ստորագրման օրը այդ շրջանների որոշ հատվածներ շարունակում էին մնալ հայկական ուժերի վերահսկողության տակ, իսկ համաձայնագրի տառն ու ոգին ասում է, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են: Նիկոլ Փաշինյանը այդ տարածքներից նահանջը բացատրեց այսպես՝ տրամաբանությունն է ասում, որ պետք է նահանջեինք Ղուբաթլուի և Զանգելանի շրջանների այն 10 տոկոսից, որոնք հայկական վերահսկողության տակ էին նոյեմբերի 9-ին և դրանից առնվազն մեկ ամիս անց:

Մեկնաբանել