Ռուսաստանցիները Արցախում «խաղաղ կարգավորումը» տարվա հաղթանակ են համարում․ հարցում

ՌԴ քաղաքացիները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը համարում են աշխարհի տարվա կարևոր իրադարձություններից մեկը։ Այդ մասին են վկայում Ռուսաստանի հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի (ВЦИОМ) հարցման արդյունքները։

Աշխարհի տարվա իրադարձությունների թվում Արցախը երկրորդ հորիզոնականում է հայտնվել, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։

Այսպիսով, ռուսաստանցիների կարծիքով՝ 2020-ի աշխարհի իրադարձություններն են․

• համավարակ (42 տոկոս)

• Լեռնային Ղարաբաղ (28 տոկոս)

• սահմանադրական փոփոխություններ և պատվաստանյութերի մշակում (յուրաքանչյուրը 25 տոկոս)

• ընտրություններ և բողոքի ցույցեր Բելառուսում (23 տոկոս)

• Ղրիմի կամրջով երկաթուղային հաղորդակցության բացում (19 տոկոս)

• հեռավար ուսուցում և հեռավար աշխատանք (14 տոկոս)

• ընտրություններ ԱՄՆ-ում (13 տոկոս)

Երբ ռուսաստանցիներին առաջարկել են ինքնուրույն կազմել աշխարհի թոփ երեք իրադարձությունները՝ առանց պատասխանների, նրանք թվարկել են համավարակը (54 տոկոս), ԱՄՆ-ում ընտրությունները (19 տոկոս) և Ղարաբաղը (13 տոկոս)՝ նշված հերթականությամբ։

Հատկանշական է, որ Արցախում «խաղաղ կարգավորումը» Ռուսաստանի տարվա գլխավոր երեք հաղթանակների թվում է հայտնվել՝ զբաղեցնելով երկրորդ տեղը (8 տոկոս)։ Տարվա առաջին հաղթանակն են համարում պատվաստանյութի հայտնաբերումը, երրորդ տեղում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը (4 տոկոս)։

Ղարաբաղը ռուսաստանցիները համարում են նաև Ռուսաստանի տարվա իրադարձություններից մեկը։ Այն չորրորդ տեղում է․
• համաճարակ, բժիշկների լավ աշխատանք և ինքնամեկուսացում (34 տոկոս)

• Սահմանադրական փոփոխություններ (9 տոկոս)

• պատվաստանյութ և տնտեսական ճգնաժամ (յուրաքանչյուրը 4 տոկոս)

• Ղարաբաղ, կառավարության փոփոխություն, ցածր կենսամակարդակ (յուրաքանչյուրը 3%)

Հարցվածների 45 տոկոսը դժվարացել է պատասխանել ՌԴ տարվա իրադարձության հետ կապված հարցին։

ՌԴ քաղաքացիները նաև անվանել են տարվա քաղաքական գործիչներին․

• Պուտին (38%)

• Միշուստին (17%)

• Շոյգու (15%)

• Լավրով (9%)

• Ժիրինովսկի (7%)

Հարցվածների 39 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Մեկնաբանել