Ընդդիմությունը «Իմ քայլին» ժամանակ է տվել մինչև ժամը 18։00-ն

Հանրապետության Հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «չեն լքելու հրապարակը մինչև վարչապետը չհեռանա»։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել «սադրանքների չտրվել»։

Սաղաթելյանը հրապարակում ելույթի ընթացքում նշել է, որ վարչապետն «այլևս չունի իշխանություն»:

17 կուսակցությունների ներկայացուցիչները մինչև ժամը 18։00-ն ժամանակ են տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալ ու իրենց հետ քննարկում անել։

«Այսօր՝ մինչև վեցը, Իմ քայլը խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանան Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք մինչև ժամը վեցը Իմ քայլը խմբակցությունը ներկայանա՝ մեր հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և վերջին հաշվով խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է»,- կառավարության շենքի մոտ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Մեկնաբանել