Ցանկացած անօրինական գործողություն կարժանանա համարժեք արձագանքի. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով դեկտեմբերի 22-ին 17 կուսակցությունների՝ Հանրապետության հրապարակում արված հայտարարությանը։

Հանրահավաքին ասվել է․

«Մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, դա մեզ ավելի վճռական է դարձնում, դա մեզ ավելի ամուր է դարձնում: Ուրեմն մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում և որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք»:

Ոստիկանությունը նշել է, որ նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

«ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը երեքից տասը տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն:

Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, եթե վերը նշված գործողությունները առաջացրել են ծանր հետևանքներ:

ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելուց կամ այդպիսի հայտարարությունների մեջ նշված գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա ՀՀ ոստիկանության համարժեք արձագանքին»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել