Պատերազմի հետևանքով անօթևան է մնացել մոտ 40 հազար մարդ․ Բեգլարյան

Արցախյան պատերազմի հետևանքով մոտ 40 հազար մարդ անօթևան է մնացել․ այդ մասին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր գործունեությունն այդ պաշտոնում ամփոփող մամուլի ասուլիսին։

«Մեր հաշվարկներով մինչև 40 հազար անձ միայն ռազմական գործողությունների և քաղաքական պայմանավորվածության հետևանքով մնացել է անօթևան. նրանց զգալի մասը արդեն Արցախի Հանրապետությունում է», – ասաց Բեգլարյանը։ 

«Ժամանակավոր կացարանի հարցը դեռևս պետք է լուծվի, այստեղ կառավարման խնդիրները ակնհայտորեն քիչ չեն, որից հետո երկարաժամկետ ծրագրերով պետք է բնակարանների հարց լուծել», – մանրամասնեց մարդու իրավունքների պաշտպանը։

Բեգլարյանը կիսում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գաղափարը, որ բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն, և բնակիչները վերադառնան տուն և նկատում, որ պետությունը պետք է զուգահեռ լուծի անօթևանների հարցը կարճաժամկետ ծրագրերով․ «Անորոշություններ կան։ Մարդիկ պետք է պատշաճ կարողանան ապրել, հատկապես ձմեռային պայմաններում»։

Պաշտպանի խոսքով՝ պետական համակարգը պետք է անի բոլոր հնարավոր քայլերը անվտանգությունը ապահովելու, ռիսկերը նվազեցնելու համար։ Նրա համոզմամբ՝ քաղաքացիների խնդիրների մի մասը սուբյեկտիվ է, պայմանավորված է հոբեգաբանական և տեղեկատվական ռիսկերով, այդ իսկ պատճառով անորոշությունը պետք է նվազեցվի, «բնակչությունը պետք է հասկանա, թե ինչ է իրենց սպասում, ինչ ռեալ ռիսկեր կան, ինչ վարք պետք է դրսևորել»։

Արցախի ՄԻՊ պաշտոնից հեռացող Բեգլարյանը հայտնեց, որ կշարունակի զբաղվել մարդու իրավունքների խնդիրներով։

Դեկտեմբերի 22-ին Արտակ Բեգլարյանը ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում։ Նրա հրաժարականը պայմանավորված է գործադիր իշխանությունում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: Արտակ Բեգլարյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր 2018 թվականի հոկտեմբերի 31-ից։